Ծառատունկ Ներսիսյան անտառում
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Ապրիլի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մերձակայքում գտնվող Ներսիսյան անտառում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոֆինա Գերչեւայի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի եւ «ԷՔԼՕՖ» հիմնադրամի մասնակցությամբ տեղի ունեցավ ծառատունկ:
Ծառատունկը նախաձեռնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի, «Կլոր Սեղան» հիմնադրամի եւ «Ծառատունկ Հայաստան» կազմակերպության կողմից:
Ծառատունկի կազմակերպիչները մասնակցեցին Մայր Տաճարում Ս. Պատարագի արարողությանը, հավարտ որի մեկնեցին Ներսիսյան անտառ, ուր Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ եւ Մայր Աթոռի միաբանների մասնակցությամբ կատարվեց Անդաստանի արարողություն, որով օրհնվեցին երկրի չորս կողմերը:
Այնուհետեւ բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը, ապա «Կլոր Սեղան» հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը հանգամանալից ներկայացրեց ծառատունկի այդ նախաձեռնությունը: Ըստ նրա, սույն ձեռնարկը մի մասն է «Կրոնները հանուն բնապահպանության» միջկրոնական ընկերակցության նախաձեռնության:
Բնապապհպանությանը եւ երկրի կանաչապատման վերականգնմանն ուղղված ջանքերի կարեւորությանն անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոֆինա Գերչեւան:
Մինչ ծառատունկը ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վեհափառ Հայրապետը: «Փառք եւ գոհություն Աստծուն, որ տարիներ առաջ մեր ունեցած մտահղացումը` վերականգնել Ներսես Աշտարակեցի Ամենայն Հայոց Հայրապետի ձեռաց գործն հանդիսացող եւ մեզ համար նվիրական Ներսիսյան անտառը, այսօր կարողանում ենք կյանքի կոչել: Եկեղեցին իր առաքելության մեջ կոչում ունի նաեւ հոգատարություն ցուցաբերելու բնության նկատմամբ, որ արարչաստեղծ է: Հոգատարություն ցուցաբերելու այս կոչումը մարդկությունը ստացել է Աստծուց: Այս ծառատունկն էլ նման մի ձեռնարկ է: Մենք օրհնում ենք բոլոր նման ձեռնարկներն ու միջոցառումները եւ Աստծո զորակցությունն ենք հայցում նման միջոցառումների կազմակերպիչներին»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Ապա տեղի ունեցավ ծառատունկը, որն անցավ ներկաների մեծ խանդավառությամբ:
Ներսիսյան անտառը հիմանդրվել է Ամենայն Հայոց Ներսես Ե Աշտարակեցի Հայրապետի կողմից եւ ընդգրկել է ավելի քան 100 հեկտար տարածք` պարունակելով 30 հազարից ավելի ծառեր, հիմնականում թեղիներ, ինչի պատճառով էլ հաճախ կոչվել է Ներսիսյան թեղուտ: Անտառը մեծապես տուժել էր 20-րդ դարասկզբին եւ նույն դարավերջին: