Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նաեւ հռչակված է որպես մանուկների օրհնության օր:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն, որի ավարտին Մայր Տաճարի առջեւ, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ բազում մեծահասակ ու մանուկ հայորդիների, կատարվեց անդաստանի արարողություն, որի ընթացքին օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ապա ուռենու ճյուղերը:
Անդաստանի արարողության ավարտին ներկա բոլոր մանուկները խմբվեցին Վեհափառ Հայրապետի շուրջը. կատարվեց մանուկների օրհնության հատուկ կարգ, ապա Նորին Սրբությունը, շնորհավորելով ու իր օրհնությունը բաշխելով ամենքին, մանուկներին տոնի առիթով հանձնեց նվերներ:
Այնուհետեւ շուրջ 250 մանուկներ մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամարի առջեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանավորությամբ գործող հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Տ. Խադ քահանա Ղազարյանի եւ հայորդյաց տների տնօրենությունների ջանքերով կազմակերպված կավճանկարի մրցույթին: Ազգային երաժշտության հնչյունների ներքո երեխաները կամարի առջեւ գտնվող հարթակն ամբողջությամբ ծածկեցին ազգային, եկեղեցական տարբեր թեմաներով իրենց գունագեղ ստեղծագործություններով: Նման մի մրցույթ նույն օրը, հավարտ Սուրբ Պատարագի, տեղի ունեցավ նաեւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարեւանությամբ:
Տոնին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, ով տոնի խորհրդին անդրադարձավ իր քարոզում:
Հավարտ Սբ. Պատարագի Նորին Սրբության հանդիսապետությամբ վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ: