Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 29.03.2015
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է նաև իբրև մանուկների օրհնության օր:

Առավոտյան ժամերգության ավարտից հետո, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի բակում շարականի երգեցողությունից ու օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվեց նաև Անդաստանի արարողություն ու մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց մանուկների ծնողներին, որոնք, գիտակցելով օրվա խորհուրդը, իրենց զավակների հետ միասին Ծաղկազարդի բերկրալից օրը տոնախմբում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Վեհափառ Հայրապետն աղոթք վերառաքեց առ Բարձրյալն Աստված, որպեսզի Երկնավոր Տերն Իր բարի ու քաղցր հայացքի տակ պահի բոլոր մանուկներին` Իր սիրո ու խնամքի մեջ աճ և հասակ պարգևելով ամենքին, որպեսզի լինեն ազգի աստվածասեր ու հայրենասեր զավակներ` իրագործման առաջնորդելով հայ ժողովրդի բոլոր բարի իղձերն ու սպասումները:

«Պահպանիչ» աղոթքից հետո Հայոց Հայրապետը փոքրիկներին տոնի առիթով խաչեր նվիրեց, իսկ ներկա հավատավոր ժողովրդին բաժանվեցին ուռենու օրհնված ճյուղեր:

Ապա Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տոնի հոգևոր պատգամը` միաժամանակ նշելով, որ այս կանաչ ու ծաղկուն տոնը բոլոր Քրիստոնեական Եկեղեցիները տոնում են հենց այս նույն օրը:

«…Մեզ համար հատկապես տոնախմբելի է, որ Հիսուս Երուսաղեմ իր մուտքին ցույց տվեց ճանապարհը և Աստծու տնօրինության և առաքելության ճշմարտությունը. այն ճանապարհը, որով այսօր Հիսուսի առաքելությունն է շարունակում Եկեղեցին: Եկեղեցին այդ արահետով է գնում: Անցավ 2000 տարի այդ օրվանից. արդյո՞ք երբեմն մտածում ենք` ինչը փոխվեց. դժբախտաբար, շատ քիչ բան փոխվեց: Այսօր այն վերաբերմունքը, ինչ որ ցուցաբերեց ժողովուրդը մեր Տեր Հիսուսին, ցուցաբերվում է նրա առաքելությունը երկրում շարունակողի նկատմամբ. այսօր մենք հաճախ ենք լսում` տրտնջում են, դժգոհում են, ակնկալում են Եկեղեցուց այն, ինչը Եկեղեցու առաքելությունը և անելիքը չէ: Եվ երբ իրենց ակնկալիքները չեն իրականանում, շրջվում են և մոռանում օվսաննաները: Սակայն, Եկեղեցին երբեք սիրելու, սիրաշահվելու լայն ճանապարհը չի ընտրում, այլ այն նեղ ու դժվարին արահետը, որ տանում էր Երուսաղեմ և որով Հիսուս գնաց` իմանալով հանդերձ, որ այնտեղ խաչի մահը պիտի ընդունի»,- ասաց պատարագիչ Նաթան Սրբազանը:

Իր քարոզում Սրբազանը մատնացույց արեց Մայր Տաճարում հավաքված մանուկներին` նշելով, որ նրանք ոչ թե ակնկալիքի համար են ուրախանում, այլ նրանց ուրախության միակ աղբյուրը Տիրոջ հետ լինելը, Տիրոջ օրհնության ներքո լինելն է: Նաթան Սրբազանը նաև մեծերին հորդորեց, որպեսզի իրենց աչքի առջև այս մանուկների օրինակն ունենան` մաքրութունը, անաչառությունը և անանց ուրախությունը, որ Տիրոջ հետ իրապես միավորված և Նրա օրհնության ներքո լինելով են տեղ գտնում մարդկային կյանքում:

Ս. Պատարագի ավարտին դարձյալ կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ժամանակ բոլոր երեխաները հրավիրվեցին Մայր Տաճարի ատյան, ուր վերստին Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց նրանց: