Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը, որը Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակն է:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Ժամերգության ավարտից հետո Մայր Տաճարի առջեւ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին ուռենու ճյուղեր եւ բաժանվեցին ներկա հավատացյալ ժողովրդին:
Այնուհետեւ կատարվեց մանուկների օրհնության հատուկ կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականաց դասի հետ օրհնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօռնեկյան դպրոցի աշակերտներին եւ արարողությանը ներկա մանուկներին, ապա երեխաներին նվերներ բաժանվեցին:
Նույն օրը Մայր Տաճարում տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Արտակ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Ծաղկազարդի խորհրդին ու մեր կյանքում նրա այսօրվա պատգամին: ՙՏոնական այս օրերին եկեք մեր ունեցած եւ փայփայվող հոգեւոր ազնվագույն սլացքով, մեր վեհ ու վսեմ ձգտումներով, ամբողջական անձնվիրությամբ դիմավորենք Հիսուսին: Ձիթենու կամ ուռենու ոստերով սկսած եւ հրաշափառ Ս. Հարությամբ ավարտվող ավագ շաբաթն ապրենք եւ ապրեցնենք խորհրդավոր ու հպարտ, որով յուրաքանչյուր օր եւ դրվագ մեր սրտերից սեր հոսեցնելու պատճառ եւ խթան կդառնա: Եվ Նա, Ով մահվամբ մահը կործանեց, Իր կենարար արյան վտակներով խաչը սրբագործեց, տառապանքի ճանապարհն անտրտունջ հատեց` սերն ապրեցնելու համար, թող լուսավորի մեր մտքերն ու սրտերը, որ կարողանանք գիտակցաբար պատրաստ լինել եւ աղաղակել` Օվսաննա այնտեղ, որտեղ մեծարելու եւ գնահատելու վեհ եւ արժանի գործեր կան: Այսօր այս մտածումներով եւ խոհերով խնդրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ խաչի անցած իր ճանապարհը շնորհ եւ օրինակ դարձնի մեր կյանքի բոլոր ճանապարհներին՚,- իր քարոզում նշեց պատարագիչ Սրբազան Հայրը:
Հավարտ Սբ. Պատարագի Նորին Սրբության հանդիսապետությամբ վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ: