Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 06.04.2009

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նաեւ հռչակված է մանուկների օրհնության օր:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն, հավարտ որի Մայր Տաճարի առջեւ, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց անդաստանի արարողություն: Օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ապա նաեւ ուռենու ճյուղեր, որոնք արարողությունից հետո բաժանվեցին հավատացյալներին: Հավարտ Անդաստանի արարողության Վեհափառ Հայրապետը կատարեց մանուկների օրհնության հատուկ կարգ, որին մասնակցեցին Հայորդյաց տների սաներ եւ բազում մանուկներ:

Ապա Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Գերաշնորհ Սրբազանը իր քարոզում անդրադարձավ Ծաղկազարդի տոնի խորհրդին եւ կոչ արեց հավատացյալ հայորդիներին` չնմանվել մարդկանց այն բազմությանը, որ թեպետ ցնծությամբ եւ մեծ շուքով ընդունեցին Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, սակայն մի քանի օր անց աղաղակում էին, որ Տերը խաչը հանվի: «Ուրախության եւ ցնծության օր է այսօր: Ուրախանում ենք բոլորս, որովհետեւ ավարտին հասցրեցինք Մեծի Պահոց շրջանը եւ ինքնաքննությամբ ու խոկումով պատրաստվեցինք այս օրվան: Բնությունը զարթոնք է ապրում, եւ մենք նույնպես հոգեւոր վերազարթոնքի մեջ ենք», - նշեց Արարատ Սրբազանը:

Հավարտ Սբ. Պատարագի Վեհափառ Հայրապետը վերստին կատարեց մանուկների օրհնության կարգ, որից հետո Նորին Սրբությունը, շնորհավորելով ու իր օրհնությունը բաշխելով ամենքին, փոքրիկներին տոնի առիթով նվերներ հանձնեց:

Ավագ շաբաթ 2009 Պատկերասրահ

Այնուհետեւ բազմաթիվ մանուկներ մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամարի առջեւ Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանավորությամբ գործող հայորդյաց տների ջանքերով կազմակերպված կավճանկարի ավանդական դարձած մրցույթին: Օրվա ընթացքին Մայր Աթոռում ազգային մեղեդիների բազում կատարումներով հանդես եկավ Մալացիայի Հայորդյաց տան փողային նվագախումբը: