«Խաղաղությունն է ապագան. Կրոնների և մշակույթների երկխոսություն. Առաջին Համաշխարհային պատերազմից 100 տարի անց» համաժողով Բելգիայում
Սեպտեմբերի 7-ին, Բելգիայի Անտվերպեն քաղաքում Կաթողիկ Եկեղեցու «Սանտ Էջիդիո» կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց միջազգային համաժողով` «Խաղաղությունն է ապագան. Կրոնների և մշակույթների երկխոսություն. Առաջին Համաշխարհային պատերազմից 100 տարի անց» խորագրով:
Համագումարին մասնակցում են շուրջ 300 պատվիրակներ և հյուրեր աշխարհի տարբեր կրոնական կառույցներից և կրոնական կազմակերպություններից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համաժողովին ներկայացնում է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազան Հայրը մասնակիցներին կփոխանցի Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնի և օրհնության խոսքը, ինչպես նաև հանդես կգա բանախոսությամբ` «Համերաշխություն. մեր ժամանակների բանալի» թեմայով: