Լույս է տեսել «Վազգենյան դպրանոց» պարբերականի անդրանիկ համարը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանի եւ դպրանոցի սաների լույս է տեսել «Վազգենյան դպրանոց» հոգեւոր-մշակութային պարբերականի անդրանիկ համարը: Այն հրատարակվել է ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Պարբերականն սկսվում է Վեհափառ Հայրապետի օրհնության գրով: Նորին Սրբությունը, ողջունելով պարբերականի լույս ընծայումը, նշում է. «Գոհունակություն է Հայրապետիս համար տեսնել, որ Վազգենյան դպրանոցի տեսչությունը, դասախոսները եւ սաները, ուսումնական գործընթացին զուգահեռ, պատրաստակամ ջանքերով նախաձեռնում են սույն պարբերականի լույսընծայումը: Սրանում ներկայացված կրոնագիտական, եկեղեցագիտական եւ աստվածաբանական բնույթի հոդվածները, անտարակույս, հարստացնելու են մեր ժողովրդի զավակների կրոնական իմացությունը եւ զորացնելու են հայորդիների հավատավոր ոգին եւ սերը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»:
«Վազգենյան դպրանոց» պարբերականի նպատակն է ձեւավորել մի մթնոլորտ, որը հնարավորություն կընձեռի մտավոր կյանքի տարբեր բնագավառների ներկայացուցիչներին գաղափարների փոխանակում կատարել, հարստանալ եւ հարստացնել, ինչպես նաեւ նպաստել երիտասարդ սերնդի հոգեմտավոր դաստիարակությանը: Պարբերականին կարող են թղթակցել ոչ միայն Վազգենյան եւ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանների սաները եւ դասախոսները, այլ նաեւ Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ եւ դասախոսներ: