«Լոզան. Ուղղափառ նախաձեռնության» հերթական խորհրդաժողովը Ալբանիայում
Սեպտեմբերի 2-6-ը Ալբանիայի Դյուրեշ քաղաքում գտնվող Ս. Վլաշ վանքում տեղի ունեցավ «Լոզան. Ուղղափառ նախաձեռնության» կողմից կազմակերպված տարեկան հերթական խորհրդաժողովը, որին մասնակցում էին ավելի քան 20 երկրների Ուղղափառ և Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ խորհրդաժողովին Հայ Եկեղեցին ներկայացրեց Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Տիրան աբեղա Պետրոսյանը:
Ժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքն ուղղեց Տիրանայի, Դյուրեշի և Համայն Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Ամենապատվություն Անաստասիոս Արքեպիսկոպոս Յաննուլատոսը՝ մաղթելով ժողովականներին բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ:
Արդեն մի քանի տարի գործող «Լոզան. Ուղղափառ նախաձեռնության» գլխավոր նպատակն է Ուղղափառ և Բողոքական եկեղեցիների միջև ձևավորված հարաբերությունների պատմության կառուցողական արտացոլումը, որն իր հերթին պիտի նպաստի փոխհասկացողության պայմաններում Ավետարանի առավել արդյունավետ քարոզչությանը, ինչպես նաև եկեղեցիների միջև գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ավետարանչության հետ կապված ինչպես պատմական-աստվածաբանական, այնպես էլ գործնական-հովվական, կանոնական, իրավական, սոցիալական և այլ հարցեր: