Լեհաստանի ներքին գործերի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի ներքին գործերի նախարար Յանուշ Կաչմարեկին` ՀՀ Ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունը գնահատանքով հաստատեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ համագործակցությունը տարեց տարի սերտանում է եւ նորանոր հաջողություններ արձանագրում` ընդգրկելով մեր կյանքի տարբեր ոլորտներ: Վեհափառ Հայրապետը մասնավորաբար նաեւ գոհունակություն հայտնեց Լեհաստանում հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

«Լեհ ժողովրդի հավատքը մեծապես տպավորել է մեզ»,- նշեց Ամենայն Հայոց Հայրապետը` անդրադառնալով նաեւ միջեկեղեցական համագործակցությանը Հայ Առաքելական եւ Հռոմեակաթոլիկ եկեղեցիների միջեւ եւ իր ողջույնները փոխանցելով կարդինալ Գլեմպին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն ուղղեց Լեհաստանի ներքին գործերի նախարարին եւ ՀՀ Ոստիկանապետին` ցանկանալով արդյունաշատ համագործակցություն, բարի ծրագրերի եւ համատեղ ձեռնարկների հաջող իրականացում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: