Իրաքի կրոնական առաջնորդների հանդիպում Ժնեւում
Փետրվարի 18-ին, Ժնեւում, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կենտրոնական կոմիտեի ժողովի շրջանակներում տեղի ունեցավ Իրաքի կրոնական առաջնորդների հանդիպումը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս հանդիպմանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, ով հանդիսանում է նաեւ Իրաքի քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդների խորհրդի գլխավոր քարտուղարը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձ ունեցան վերջերս Իրաքում քրիստոնյաների դեմ կիրառված հալածանքներին եւ ահաբեկչական գործողություններին: Կենտրոնական կոմիտեի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նրանք ընդգծեցին Իրաքի բոլոր բնակիչների համար անվտանգության ապահով միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը: Իրաքի կրոնական առաջնորդները շեշտեցին, որ Եկեղեցին Իրաքում շարունակում է մնալ ճնշման տակ, եւ եթե այսպես շարունակվի` քրիստոնյաները կկանգնեն խիստ վտանգի առաջ: