Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը Կոպենհագենում
Հունվարի 11-14-ը Կոպենհագենում տեղի ունեցավ Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը, որին իրենց մասնակցությունը բերեցին ինչպես Իրաքի Սուննի եւ Շիա ուղղությունների առաջնորդները, այնպես էլ` քրիստոնեական համայնքների առաջնորդներն ու պառլամենտի անդամներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանը:
Վեհաժողովն ընդունեց հռչակագիր, որում մասնավորապես ասվում է, որ Իրաքի քաղաքական վերածննդի համար կենսական նշանակություն ունեն երկրի բնակիչների անվտանգության ապահովումը եւ վստահության վերականգնումը սեփական երկրի նկատմամբ, որի գրավականներից մեկն էլ քրիստոնյաների նկատմաբ կիրառվող բռնության եւ հալածանքների իսպառ կանխարգելումն է: Ըստ հռչակագրի` հանրային իրավունքի եւ իրավահավասարության սկզբունքների գործնականացումը պետք է դրվի Իրաքի սահմանադրության հիմքում, իսկ ծառայությունը պետական մարմիններում պետք է իրականացվի առանց կրոնական խտրականությունների: