Իրաքի թեմակալ առաջնորդի այցը Հյուսիսային Իրաքի քաղաքներ

Իրաքի թեմակալ առաջնորդի այցը Հյուսիսային Իրաքի քաղաքներ 14.03.2007

Մարտի 2-4-ը Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը թեմի երկու հոգեւորականների եւ թեմական խորհրդի երեք անդամների ուղեկցությամբ այցելեց Հյուսիսային Իրաքի մի շարք քաղաքներ, ուր հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտի 2-ին Գերաշնորհ Ավագ Սրբազանը ժամանեց Էրբիլ քաղաք, ուր նրան միացան Կիրկուկ, Մոսուլ, Զախո եւ Ավզրուգ քաղաքների հոգեւոր սպասավորները եւ ծխական խորհուրդների անդամները: Էրբիլ քաղաքի հայկական եկեղեցում հայ համայնքի մասնակցությամբ կատարվեցին Խաղաղական եւ Հանգստյան ժամերգություններ, ապա ներկաներին քարոզեց Ավագ Սրբազանը: Արարողությունից հետո տեղի ունեցավ հանդիպում Էրբիլի հայկական եկեղեցու անդամների հետ:

 

Մարտի 3-ի առավոտյան Սրբազանն իր շքախմբով ուղեւորվեց Դուհոկ քաղաք, ուր տեղի ունեցավ տարածաշրջանային ժողով մասնակցությամբ բոլոր հոգեւորականների եւ ծխական խորհրդի անդամների: Ժողովի ընթացքում քննարկվեցին Իրաքի հայոց թեմին առնչվող խնդիրներ:

Մարտի 4-ին տեղի ունեցավ Դուհոկի նոր եկեղեցու հիմանարկեքի արարողությունը: Ավագ Սրբազանի ձեռամբ օծվեցին եկեղեցու տասնվեց վեմ քարերը` համաձայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սուրբ ավանդության: Հիմանրկեքի արարողությանը ներկա էին Դուհոկի հայերը, ինչպես նաեւ քույր եկեղեցիների եպիսկոպոսներն եւ հոգեւորականները: Արարողության ավարտին ներկաներին խոսքով դիմեց Իրաքի հայոց թեմի առաջնորդը: Ավագ Սրբազանը հորդորեց հայորդիներին, որպես Հայաստանի իսկական զավակներ, հավատարիմ մնալ քրիստոնեական հավատին եւ սուրբ ավանդույթներին, հակառակ, որ անցյալի անարդարությունների պատճառով, որ պետք է սրբագրվեն, այժմ հեռու են իրենց հայրենիքից: