Իր աշխատանքը սկսեց «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն սկսեց «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ և աջակցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան: Իրենց մասնակցությունն են բերում Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների հոգևորականներ, ՀՀ պետական կառույցների, ՀՀ և եվրոպական համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների, Հայաստանի տարբեր կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրն իր խոսքում կարևորեց երկօրյա ժողովի անցկացումը Մայր Աթոռում` վստահություն հայտնելով, որ քննարկվող նյութերը մեծապես կնպաստեն միջեկեղեցական և միջպետական փոխհարաբերությունների առավել արդյունավորմանը:
Բացման արարողությանը մասնակիցներին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը փոխանցեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Գոհունակությամբ եմ նշում այն փաստը, որ Հայոց Եկեղեցին հոգևոր արժեքների պահպանման ու ամրապնդման նպատակով հետևողական քայլեր է իրականացնում: Մասնավորապես, օրեր առաջ գումարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, ինչը հայոց հոգևոր կյանքի առաջընթացի, աշխարհասփյուռ հայության համախմբման, միակամության և միաբանության վճռական ու կարևոր քայլ էր: Գովելի է, որ պատմական այդ կարևոր իրադարձությանը հետևում է եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին, առկա ու գալիք մարտահրավերներին և հրամայականներին վերաբերող այս համաժողովը: Բոլորիս է հայտնի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու վեհ առաքելությունը մեր ժողովրդի քրիստոնեական դաստիարակության, հոգևոր արժեքների սերմանման, ամրապնդման ու ազգապահպանության գործում: Պատմական այդ առաքելությունը Մայր Եկեղեցին այսօր էլ շարունակում է իրականացնել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության հանդեպ` հավատարիմ մնալով մեր սուրբ հայրերի պատգամներին:
Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, համոզված եմ, որ ազգային խնդիրները համատեղ ջանքերով լուծելու գիտակցումը և այդ նպատակով հայրենի պետության և եկեղեցու սերտ համագործակցությունը բխում է մեր համազգային շահերից: Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է զարգացման և առաջընթացի ուղի, որտեղ կարևոր են ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, խոսքի և կրոնական ազատությունները: Այս առումով ես իմ գոհունակությունն եմ հայտնում, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական արմատներ և մշակույթ ունեցող երկիր, մեծ հնարավորություններ ու պայմաններ է ստեղծել Հայաստանում գործող այլ կրոնների ու հարանվանությունների համար:
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որի պատմական բացառիկ առաքելությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ակտիվորեն մասնակցում է միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններին և մեծ դեր ունի ողջ աշխարհում հանդուրժողականության, սիրո և համագործակցության տարածման գործում: Այսօր էլ այս գիտաժողովի միջոցով Հայոց Եկեղեցին իր նպաստն է փորձում բերել ոլորտի օրենսդրական բարեփոխումների գործընթացին:
Այս գիտաժողովի ընթացքում դուք քննարկելու եք եվրոպական տարբեր երկրների փորձը: Վստահ եմ, որ հարգելով խղճի և կրոնական ազատությունների մասին միջազգային սկզբունքները` հաշվի կառնեք նաև եվրոպական քաղաքակրթության մաս կազմող մեր երկրի կրոնական ու մշակութային յուրահատկությունները:
Գիտաժողովի հարգարժան մասնակիցներ, մեկ անգամ ևս ողջունելով` մաղթում եմ ձեզ հաջողություն և արդյունավետ աշխատանք»:
Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղար դոկտոր Գի Լիագրան` ընդգծելով այն բացառիկ դերակատարությունը, որ ունի Հայ Եկեղեցին էկումենիկ միջեկեղեցական կառույցների, մասնավորապես Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի աշխատանքներում: «…Հանդիպումն այստեղ կարևոր նշանակություն ունի: Նայելով պատմությանը` տեսնում ենք, որ Հայաստանը այն երկրներից է, որ մեծագույն գինն է վճարել մեր ընդհանուր արժեքների պաշտպանության համար, ինչը եղել է մասամբ իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով: Հետևաբար, Ձեր գոյությունը ապացույցն է նրա, որ նվիրյալ քրիստոնեական հասարակությունը կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Իբրև Եկեղեցիներ` մենք պետք է ջանքեր գործադրենք ի պաշտպանություն մարդկային իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության: Մենք հավատում ենք, որ դավանանքի ազատությունը կարևոր է բոլոր մարդկանց համար: Անգամ եթե կրոնի ու խղճի ազատությունը տրվում է բազում միջազգային իրավական մարդու իրավունքների միջոցով, բոլորիս համար դեռ մեծ անելիք կա: Պետք է փոխադարձ հարգանք զարգացնենք միմյանց նկատմամբ անկախ մեր պատկանելությունից…: Սրանում եմ ես տեսնում այսօրվա հասարակության մեծագույն մարտահրավերը», - իր խոսքում նշեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարը` կարևոր նկատելով այս ամենում Եկեղեցիների սերտ համագործակցությունը:
Առաջին նիստին զեկույցներով հանդես եկան պրոֆ. Մարկո Վենտուրան (Լյուվենի Կաթոլիկ համալսարանի Եկեղեցական իրավունքի ֆակուլտետ) և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: