Ի Տեր հանգչեց Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մարտի 3-ին ԱՄՆ Բելվիլ Իլլինոյի հիվանդանոցում ի Տեր հանգչեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը առ Աստված աղոթքով բարեհիշատակ Հայր Սուրբի հոգու հանգստության համար` սգում են Հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Տ. Շնորհք (ավազանի անունը` Արամ) ծայրագույն վարդապետ Գասպարյանը ծնվել է 1929 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:
Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրիայի ազգային վարժարանում, ապա ուսանել Անգլիական դպրոցում:
1959 թ. ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը և ձեռնդրվել սարկավագ: Միաժամանակ ուսանել է Մարգեթի համալսարանում: Տիրապետել է ինը լեզուների:
1961 թ. ձեռամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանի կուսակրոն քահանա է ձեռնադրվել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
1962 թ.-ից հովվական առաքելությամբ մեկնել է Բրազիլիա` Սան Պաուլո, ուր վարդապետության մասնավոր աստիճան է ստացել տեղի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյանի կողմից:
1963 թ.-ին նշանակվել է Բրազիլիայի և Ուրուգվայի առաջնորդական փոխանորդ:
1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հանգամանքով հրավիրվել է Ս. Էջմիածին:
1974 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկայնի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան:
1979 թ. Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի կողմից նշանակվել է Պատրիարքի օգնական:
1996 թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից հրավիրվել է Երուսաղեմ` իբրև ճեմարանի պատասխանատու և դասախոս:
Ամերիկայի Հայոց Արևելյան թեմում հովվական պաշտոններ է վարել մի շարք շրջաններում: Հովվական ծանր պարտականությունների հետ մեկտեղ հետևել է Քրիստոսաբանության, Ծիսական աստվածաբանության, Հովվական խորհրդատվության և Լեզվաբանության դասընթացներին:
Հանգստյան կոչվելուց հետո Հոգեշնորհ Հայր Սուրբը որպես այցելու հովիվ իր ծառայությունն էր շարունակում բերել Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի մի շարք ծուխերում: