Ի Տեր հանգչեց Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը

Ի Տեր հանգչեց Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը 16.11.2013
Ի Տեր հանգչեց Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ի առավոտյան կյանքի 76-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը:
Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասը սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը:
Հանգուցյալ Սրբազանի աճյունը նոյեմբերի 18-ին` ժամը 17:30-ին կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժ. 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգ: Նոյեմբերի 19-ին, ժ. 10:30-ին, հընթացս Սբ. Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Արսեն Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:
Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Կենսագրական

Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը (ավազանի անունով` Պետրոս) ծնվել է 1937 թ. հոկտեմբերի 26-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:
Նախնական կրթությունը ստացել է տեղի Հայկազյան վարժարանում:
1947 թ. ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան և հաստատվել Գյումրի քաղաքում:
1955-1960 թթ. սովորել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում և ավարտաճառ գրել Կոմիտաս վարդապետի հոգևոր անտիպ երգերի վերաբերյալ:
1960-1962 թթ. հետևել է Զագորսկի հոգևոր ակադեմիայի դասընթացներին:
1962 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Արսեն:
1963 թ. պաշտպանել է վարդապետական թեզ` «Ս. Ներսես Շնորհալու տաղերի եղանակները» թեմայով:
1967 թ. մեկնել է Ժնև, ուր 1967-1968 թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ինստիտուտում:
1968-1973 թթ. եղել է Լոնդոնի Արքայական քոլեջի ասպիրանտ, որն ավարտելով պաշտպանել է թեզ «Հայ ժողովրդի հարաբերությունները Անգլիկան եկեղեցու հետ 1850-1905 թթ.» թեմայով և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում: Նույն շրջանում սովորել է Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիայում, կատարել համայնքի հոգևոր հովվի պաշտոնը:
1973 թ. վերադառնալով Մայր Աթոռ` ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, ապա 6 ամիս անց` նույն թվականի հոկտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս:
1973-1982 թթ. վարել է Ս. Էջմիածնի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչի և դիվանապետի պաշտոնը:
1982-1985 թթ. եղել է Երևանի Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ:
1985-1988 թթ. եղել է Շվեդիայի հոգևոր հովիվ:
1990-1996 թթ. եղել է Գուգարքի թեմի առաջնորդ:
1992 թ. ստացել է արքության տիտղոս:
1996-1998 թթ. իր ծառայությունն է բերել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում:
2010 թ. նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ հայաստանյան թեմերում և փոխառաջնորդություններում:

Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը եղել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի անդամ, Շվեդիայի եկեղեցիների էկումենիկ Խորհրդի նախագահ, մասնակցել է միջազգային բազմաթիվ ժողովների: Արսեն Սրբազանը հեղինակ է բազմաթիվ ուսումնասիրությունների, պատմական ու երաժշտական դասագրքերի, հրապարակախոսական հոդվածների և այլ աշխատությունների, հոգևոր երգերի ու շարականների ձայնապնակների ու ձայնագրությունների: