Ի Տեր հանգյավ Հոգեշնորհ Տ. Տրդատ աբեղա Մարտիրոսյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունիսի 25-ին երկարատեւ ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Տրդատ աբեղա Մարտիրոսյանը:

Տ. Տրդատ աբեղա Մարտիրոսյանը (ավազանի անունը` Հովհաննես) ծնվել է 1973թ. դեկտեմբերի 23-ին Էջմիածին քաղաքում:

1979-1989թթ. սովորել եւ ավարտել է տեղի հմր. 9 միջնակարգ դպրոցը:

1989թ. ընդունվել եւ 1995թ. ավարտել է Հոգեւոր Ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ «Գրիգոր Լուսավորիչը հայ մատենագրության մեջ» թեմայով:

1995թ. հոկտեմբերի 22-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:

1996թ. հունիսի 2-ին Մայր Աթոռում, ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

Ձեռնադրությունից հետո Հոգեշնորհ Հայր Սուրբը ծառայել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, որպես վերակացու: Այնուհետեւ նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմում` Պլովդիվում, որպես հոգեւոր հովիվ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությունը խորապես սգում են երիտասարդ հավատավոր ու նվիրյալ միաբանի վաղաժամ մահը:

Հոգելույս Հայր Սուրբի մարմինը հունիսի 26-ին կդրվի Սբ. Գայանե վանքում` հրաժեշտի համար, ժ. 1900-ին կկատարվի եկեղեցու կարգ: Հունիսի 27-ին` ժ. 1000-ին, հընթացս Սբ. Պատարագի կկատարվեն հանգուցյալ Հայր Սուրբի վերջին օծման եւ հուղարկավորության արարողությունները: Հայր Սուրբի մարմինը կամփոփվի միաբանական գերեզմանատանը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: