Թրաֆիքինգին նվիրված դասընթաց Ծաղկաձորում
Հոկտեմբերի 7-9-ը` Ծաղկաձորում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ «Հոգեւորականներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում «Աշխատենք միասին ընդդեմ թրաֆիքինգի» խորագրով տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին եւ թրաֆիքինգին նվիրված երրորդ դասընթացը, որին մասնակցում էին Հայ Եկեղեցու Հայաստանի եւ Արցախի թեմերից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներից եկեղեցականներ, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի եւ Վազգենյան Հոգեւոր դպրանոցի սաներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Հայ Կաթողիկե Եկեղեցուց: Դասընթացը կազմակերպել էր ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան Բարեգործական հիմնադրամը` համագործակցությամբ «ԱՄՔՈՐ» միջազգային եւ «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունների:
Դասընթացին բանախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության հարցերով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը` անդրադառնալով թրաֆիքինգին զոհ դարձած մարդկանց բացահայտման եւ իրազեկման աշխատանքներին, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու եւ քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի կարեւորությանը: Դասընթացին հրավիրված «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունից Հասմիկ Էդիլյանն իր զեկույցում խոսեց զոհերի բացահայտման մեթոդների եւ հասարակության մեջ նրանց ներգրավման մասին` ընդգծելով հատկապես հոգեւորականի դերը, իսկ «ԱՄՔՈՐ» միջազգային կազմակերպությունից Վիկտորիա Ավակովան հանգամանորեն անդրադարձավ զոհերի պաշտպանության եւ ապաստարանում նրանց ցուցաբերվող օգնության կարեւորությանը:
Երեք օրերին տեղի ունեցան նաեւ խմբային քննարկումներ, որոնց ընթացքում մատնանշվեցին այն ձեւերն ու ուղիները, որոնք կօգնեն եկեղեցականներին` թրաֆիքինգի զոհերի հետ իրենց աշխատանքում: Դասընթացի բոլոր մասնակիցները եւս մեկ անգամ հաստատեցին, որ թրաֆիքինգի դեմ պայքարում խիստ անհրաժեշտ է հայ եկեղեցականի մասնակցությունը: Քննարկումների ժամանակ մշակվեցին նաեւ համատեղ ծրագրեր` ուղղված թրաֆիքինգի կանխորոշմանը, զոհերի հոգեւոր եւ հոգեբանական խնդիրների լուծման գործում աջակցությանը եւ համայնքներում նրանց վերաինտեգրմանը: