Ընտրվեց ֆրանսիայի նորաստեղծ թեմի առաջնորդը
Հունիսի 22-ին Ֆրանսիայում, Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սրահում տեղի ունեցան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆրանսիայի նորակազմ թեմի թեմակալ առաջնորդի ընտրությունները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատված եռանուն ցանկից (Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյան, Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյան, Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան) թեմի պատգամավորական ժողովը գաղտնի քվեարկությամբ առաջնորդ ընտրեց Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյանին, ով մինչ այդ պաշտոնավարում էր Լիոնի շրջանում:
Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Ֆրանսիայի Հայոց թեմը: Ֆրանսիայի առաջնորդանիստը շարունակելու է մնալ Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Թեմի ենթակայության տակ, համաձայն կանոնադրության, գործելու են երկու` Հարավային Ֆրանսիայի եւ Ռոն-Ալփյանի փոխանորդությունները եւ 24 եկեղեցական համայնքներ:
Տ. ՆՈՐՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԱՔԱՐՅԱՆ
(կենսագրություն)
Ծնվել է 1940 թ. հունվարի 31-ին, Բեյրաթամ: Նախնական կրթությունն ստացել է Պուրճ Համադի Աբգարյան ազգային վարժարանում:
1954թ. ընդունվել Է Անթիլիասի դպրեվանք: Այնուհետեւ ուսումը շարունակել Է Պեյթ Մերիի դպրեվանքում, Բեյրաթի Հ.Բ.Ը.Մ Հովակիմյան-Մանուկյան Երկրորդական վարժարանում:
1958 թ. ընդունվել է Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան:
1959 թ. հոր մահից հետո ընդհատել է ուսումը եւ վերադարձել Բեյրաթ` հոգալու համար ընտանիքի հոգսը:
1967 թ. բնակության է մեկնել Ֆրանսիա:
1967 թ. դեկտեմբերի 24-ին ձհռնադրվել է սարկավագ:
1968 թ. հոկտեմբերի 27-ին ձեռնադրվել է աբեղա` ձեռամբ Սերովբե արքեպս. Մանուկյանի:
1967-1968 թթ. ֆրանսերեն լեզու է սովորել Փարիզի Ալիանս Ֆրանսեզում, ապա Ռենսիի Դպրոցասեր Վարժարանում դասավանդել է հայոց լեզու եւ կրոն:
1970թ. փետրվարի 8-ին վարդապետական գավազանի իշխանություն է ստացել` ձեռամբ Սերովբե Արքեպս. Մանուկյանի:
1970-1974թթ. աստվածաբանություն է ուսումնասիրել Փարիզի կաթոլիկ ինստիտուտում:
1968-1975թթ. պաշտոնավարել է Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
1975-1980 թթ. Իսի Լե Մուլինոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվն էր:
1980 թ. մարտից Հայրապետական Պատվիրակի փոխանորդն է Լիոնի շրջանում:
1982 թ. փետրվարի 14-ին ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս` ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Սրբազան Հայրը հրատարակել է «Յաղազս Գրիգոր Պլտեանի Քերթողութեան «Հատուածներ Սենեակի մասին» եւ «Մոտեցումներ» հատորները, ինչպես նաեւ մի շարք կրոնական եւ գրական ուսումնասիրություններ, հոդվածներ:
Նրա պաշտոնավարման շրջանում կառուցվեցին Շտրվիեո-Փոն դը Շերբվի` Սբ. Նշան եւ Սենթ Էթիենի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Նա մի շարք շքանշաններ է ստացել ֆրանսիական կառավարության կողմից: