Ընդունելություն
Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի:
Ողջունելով Դ. Կոզակի անդրանիկ այցը հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց հայ եւ ռուս ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող եղբայրական հարաբերությունների զարգացման առիթով` հաստատելով, որ հարկ է դրանք սրբությամբ պահպանել եւ առավել ամրապնդել: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաեւ Հարավային դաշնային օկրուգի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող խնամքի եւ ուշադրության համար:
Իր հերթին, ՌԴ Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատեց մասնավորապես Ռուսաստանի Հարավային շրջանում բնակվող հայ համայնքի կառուցողական գործունեությունը, որը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի տնտեսական եւ մշակութային կյանքում:
Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարվեց նաեւ վերջերս Ռուսաստանում տեղ գտած սպանություններին, որոնց զոհ էին դարձել մեր հայրենակիցները: Նշվեց, որ նման երեւույթները չեն բխում հայ եւ ռուս ժողովուրդների եւ երկու պետությունների շահերից եւ բարեկամական ջերմ հարաբերություններից: