Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակության պաշտոնական այցը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով պաշտոնական հնգօրյա այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Եպիսկոպոս Լազար Գուրկինը (Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցի, Մոսկվայի պատրիարքություն), Հայր Դմիտրի Հիվանենը (Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցի, Մոսկվայի պատրիարքություն), Հայր Պեետեր Կալդուրը (Էստոնիայի Ավետարանական Լյութերական եկեղեցի), Հայր Պատրիկ Գորանսսոնը (Էստոնիայի Ավետարանական Լյութերական եկեղեցի), Հայր Արթուր Փոլդը (Էստոնայի Մեթոդիստ եկեղեցի), Հայր Տաունո Տեդերը (Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի քարտուղարի պաշտոնակատար, Էստոնիայի Ավետարանական Լյութերական եկեղեցի):
Այցի շրջանակներում նախատեսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Այս օրերին պատվիրակությունը կծանոթանա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր կյանքին եւ գործունեությանը, կրթական եւ սոցիալական ծրագրերին, կայցելի տարբեր թեմեր եւ սրբավայրեր, ինչպես նաեւ մշակութային հաստատություններ:
Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի անդամները կլինեն նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հանդիպում կունենան Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսչության եւ սաների հետ: