Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակության այցը Հայաստան
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակները` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հանգստության համար աղոթք բարձրացրեցին առ Աստված եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին` ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ:
Նրանք այցելեցին նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ուր նրանց ընդունեց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Այստեղ խորհրդի անդամները ծանոթացան թանգարանի ցուցադրություններին, գրանցում կատարեցին հուշամատյանում:
Նույն օրը պատվիրակությունն եղավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Ուղեկցությամբ Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանի` նրանք ծանոթացան հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի գանձերին եւ արժեքներին:
Այնուհետեւ Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի անդամներն ուղեւորվեցին Հառիճավանք: Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը հյուրերին ներկայացրեց վանքի ներկայիս գործունեությունը, վանական կյանքի վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքը:
Պատվիրակությանը հյուրընկալեց նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում ուղեկցությամբ նրանք եղան Վահանաբերդում, Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին եկեղեցում, այցելեցին թեմի սոցիալական կենտրոն` ծանոթանալով թեմից ներս իրականացվող հոգեւոր կրթա-դաստիարակչական, սոցիալական եւ հովվական գործունեությանը:
Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակները Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, ապա հյուրընկալվեցին Խոր Վիրապի վանքում, ուր վանահայր Տ. Նարեկ աբեղա Ավագյանը ներկայացրեց վանքի պատմությունը եւ ներկայիս գործունեությունը:
Նույն օրը պատվիրակությունն այցելեց Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց, ուր ճեմարանականները հանդես եկան հոգեւոր եւ ազգային երգերի կատարմամբ: Ուսանողներին հոգեւոր իր պատգամը բերեց պատվիրակության ղեկավար Տ. Լազար եպիսկոպոս Գուրկինը: Հյուրերը նաեւ ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը: