Էստոնական Եկեղեցու պատվիրակությունը Մայր Աթոռում
Սեպտեմբերի 17-ին, պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությանն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էին ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի եւ ԷԿԼՈՖ հիմնադրամի ներկայացուցիչներ եւ Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պաշտոնեությունը:
Ամենայն Հայոց Հայրապետի անունից Հովակիմ Սրբազանը ողջունեց պատվիրակության այցը Մայր Աթոռ եւ գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի եւ Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի միջեւ ձեւավորվող հարաբերությունների համար: Ապա Սրբազանը ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում, անդրադարձավ ներկայիս գործունեությունը: Էստոնական պատվիրակության անունից շնորհակալական խոսք ասաց Տ. Լազար եպիսկոպոս Գուրկինը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` հետագա հարաբերությունների առավել սերտացման, փորձառության փոխանակման եւ սոցիալական դիակոնիայի ոլորտում համագործակցության հաստատման վերաբերյալ:
Ապա Սրբազան Հոր ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, ծանոթացան նրա պատմությանը, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ հոգեւոր մշակույթի գանձերին եւ սրբություններին:
Նույն օրը պատվիրակությունն այցելեց նաեւ Սուրբ Գայանե եւ Սուրբ Հռիփսիմե վանքերը, հանդիպումներ ունեցավ վանահայրերի հետ:
Օրվա վերջում Խորհրդի անդամներին հյուրընկալեցին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչական կազմը եւ ուսանողությունը: Տեսչության անունից հյուրերին ողջունեց փոխտեսուչ Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը, ներկայացրեց Ճեմարանի պատմությունը եւ առօրյան: Հանդիպման ընթացքում պատվիրակները ճեմարանականներին ներկայացրեցին Էստոնիայի եկեղեցիների հոգեւոր կյանքն ու գործունեությունը, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին: