Էջմիածնի եւ Սերգիեւ Պոսադի միջեւ բարեկամության եւ համագործակցության հռչակագրի ստորագրում
Հովվապետերի առանձնազրույց
Ծաղկեպսակի զետեղում ռուս զինվորների հուշակոթողին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Հրաշափառի» եւ բարիգալստյան արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը ուղղվեցին դեպի Վեհարան, ուր տեղի ունեցավ երկու հովվապետերի առանձնազրույցը:
Այնուհետեւ Վեհարանի հանդիսությունների սրահում կատարվեց Էջմիածին եւ Սերգիեւ Պոսադ քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության հռչակագրի ստորագրման արարողությունը ներկայությամբ երկու Եկեղեցիների պետերի:
Նախ
Ամենայն Հայոց Հայրապետը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին ներկայացրեց Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին, ԳՀԽ անդամներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին: Արարողության կարեւորությանն անդրադարձավ Արցախի հայոց թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ապա հրավիրեց Էջմիածնի եւ Սերգիեւ Պոսադի քաղաքապետերին ստորագրելու հռչակագիրը: Այնուհետեւ իրենց սրտի խոսքն ասացին քաղաքապետերը` երախտագիտություն հայտնելով երկու Հայրապետներին իրենց ներկայության եւ կարեւոր այս ձեռնարկին տված օրհնության համար: «Ստորագրված փաստաթուղթը լրացուցիչ ազդակ է երկու պետությունների եւ ժողովուրդների պատմության մեջ քննություն բռնած Մեծ բարեկամության: Համոզված եմ, որ Սերգիեւ Պոսադի քաղաքային իշխանությունների հետ մեր փոխշահավետ համագործակցությամբ կնպաստենք երկու քաղաքների բարեկամության հետագա զարգացմանը», - ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:Իր հերթին Սերգիեւ Պոսադի քաղաքագլուխը Ն.Վ Մասլովը եւս կարեւորեց հարաբերությունների ամրապնդումը երկու քաղաքների միջեւ:
Նույն օրը երկու Հովվապետերը` ուղեկցությամբ իրենց պատվիրակությունների, այցելեցին 1828 թ. Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորների հուշակոթող Օշականի մերձակայքում: Ծաղկեպսակներ զետեղելուց հետո Վեհափառ Հայրապետը եւ Ռուսիո Պատրիարքը աղոթք վերառաքեցին առ Աստված` զոհված զինվորների հոգու հանգստության համար: