Էջմիածին քաղաքում բացվեց «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տուն

Էջմիածին քաղաքում բացվեց «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տուն 04.09.2007

Օգոստոսի 31-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Էջմիածին քաղաքի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան բացման արարողությունը:

Աղ ու հացի արարողությունից հետո մանուկների փողային նվագախմբի կատարումների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայորդյաց տան բարերարներ տեր եւ տիկին Հրաչ եւ Սյուզան Թուֆայաններն առաջնորդվեցին դեպի նորոգված մասնաշենք: Հայորդյաց տան մուտքին Նորին Սրբությունը եւ Թուֆայան ընտանիքի անդամները, հատելով կարմիր ժապավենը, կատարեցին հաստատության բացումը, ապա «Շողակաթ» մանկական երգչախմբի` «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո մուտք գործեցին բարեզարդյալ Հայորդաց տան հարկից ներս:

Ներսում հանդիսապետությամբ Նորին Սբության կատարվեց վերանորոգված հայորդյաց տան օրհնության կարգ, որից հետո դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն` պատրաստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ -ի հովանու ներքո գործող Երեւանի Նորքի, Մալաթիայի, Արաբկիրի, ինչպես նաեւ Էջմիածնի հայորդյաց տների սաների ջանքերով:

Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Մալաթիայի Հայորդյաց տան Կրոնի գծով փոխտնօրեն` Նունե Առաքելյանը: Մեծազնիվ բարերարերի կյանքի ուղուն անդրադարձավ եւ իր մտորումներին հաղորդ դարձրեց ԱՄՆ Արեւելյան Հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ Ամենայն Հայոց Հայրապետի տեսիլքի ու ջանքերի շնորհիվ Հայ Եկեղեցին զարթոնք է ապրում: Նա մասնավորաբար կարեւորեց վարժարանների եւ Հայորդաց տների հաստատման ծրագրի իրագործումը, որի շնորհիվ հայ մանուկը հաղորդ է դառնում իր ազգային եւ հոգեւոր ինքնությանը: Օրվա ուրախարար առիթի մասին խոսեցին նաեւ Թուֆայան ընտանիքի հարազատները:

Գեղարվեստական հայտագրի ավարտին «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության եւ ծափողջույնների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեր եւ տիկին Հրաչ եւ Սյուզան Թուֆայաններին հանձնեց Հայ Եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան: Ապա իրենց սրտի երախտագետ զգացումներն արտահայտեցին շքանշանակիրները:

Վերջում Հայրապետական օրհնության իր խոսքը ներկաներին ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այս օրերը ցնծության եւ բերկրանքի օրեր են մեզ համար, քանզի Աստված պատվահոգի մեր բարերարների միջոցով Իր օրհնությունն է բերում հայ կյանքի վրա: Իրապես ուրախ ենք, որ այսպիսի արժանավոր հայորդիներ ունենք, որոնք կարող են ոչ միայն օրհնյալ դարձնել իրենց կյանքը, այլեւ օրհնություն բերել մեր ժողովրդի կյանքից ներս», - ասաց Հայոց Հայրապետը` նոր ուսումնական տարվա շեմին հայորդյաց տան բացումը սքանչելի ընծա նկատելով Էջմիածնի մանուկների համար:

Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց բարերարներին` մաղթելով, որ Աստված օրհնի եւ Իր Ամենազոր Աջի ներքո պահի ու պահպանի Թուֆայան ընտանիքին:

Այս առիթով Հայրապետը իր գնահատանքի խոսքն ուղղեց նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին եւ Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանին` նրանց բարյացակամ վերաբերմունքի համար հանդեպ Հայ Եկեղեցին եւ նրա հաստատությունները, ինչպես նաեւ շինարարությունն իրականացնող կազմակերպություններին, Էջմիածնի հայորդյաց տան մանկավարժներին, սաներին:

Վերջում Նորին Սրբությունը աղոթեց` մաղթելով, որ Աստված պահապան լինի ամենքին` պարգեւելով քաջառողջ կյանքի երկար տարիներ եւ միշտ այսպիսի ուրախություն հեղելով բոլորի կյանքից ներս:

Արարողությանը ներկա էին Հայաստանի եւ Սփյուռքի թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ԱՄՆ-ից ժամանած ուխտավորներ եւ բազում հյուրեր: