Էկումենիկ ժողով Վիտենբերգում

Փետրվարի 15-19-ը, Գերմանիայի Լյութերշտադ-Վիտենբերգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի եկեղեցիների Կոնֆերանսի կողմից կազմակերպվող Համաեվրոպական երրորդ Էկումենիկ համաժողովին նախորդող տարածաշրջանային Էկումենիկ երկրորդ հանդիպումը. «Քրիստոսի լույսը` շողում է բոլորի վրա: Լույսի պարգեւի վերաբացահայտումը, որ Քրիստոսի Ավետարանն է պարգեւում այսօր Եվրոպային» թեմայով:

Ժողովը կքննարկի 2007 թվականի` Ռումինիայի Սիբու քաղաքում սեպտեմբերի 4-9-ը կայանալիք Համաեվրոպական երրորդ Էկումենիկ համաժողովին առնչվող հարցեր: Ժողովականները կանդրադառնան նաեւ Եվրոմիության ընդլայնմանը, Եվրոպայում բռնության հաղթահարմանն ու հաշտությանը, Էկումենիզմի ու Եկեղեցիների համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վիտենբերգի ժողովին կներկայացնի Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: