Էկումենիկ աղոթք Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում

Էկումենիկ աղոթք Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում 28.09.2008

Սեպտեմբերի 27-ին` ժամը 1700-ին, Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի ունեցավ Էկումենիկ աղոթքի արարողություն` բարձր նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի:

Էկումենիկ արարողության ընթացքում ներկաներին Հայրապետական իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց, որ իր հրավերին ընդառաջ` քույր եկեղեցիների եւ միջազգային էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ Մյուռոնօրհնության առիթով Ս. Էջմիածին են ժամանել` միասնաբար աղոթելու եւ իրենց զորակցությունը հայտնելու Հայոց Եկեղեցուն եւ մեր ժողովրդին:

«Հայ Եկեղեցու նշանավոր Հայրապետներից Մկրտիչ Ա Խրիմյան Կաթողիկոսը Քրիստոսի Մեկ եւ Տիեզերական Եկեղեցին պատկերավոր կերպով համեմատել է ծաղկեփնջի հետ, ուր ամեն մի ծաղիկ ունի իր ուրույն գույնը, իր ուրուն երանգը եւ իր ուրույն բույրը` Քրիստոսի սիրո կապով մեկտեղված:.. Սուրբ Հոգու անուշաբույրը սփռելու ենք կոչված մենք, սիրելի հոգեւոր եղբայրներ, Քրիստոսի Սուրբ Եկեղեցիներս: Հարգելով մեր մշակութային տարբերությունները` յուրաքանչյուրս մեր ուրույն կարողությամբ, բույրով եւ վկայությամբ կոչված ենք նեցուկ կանգնելու միմյանց եւ որպես մեկ միասնական ուժ «առողջ եւ սուրբ յարտաքին եւ ի ներքին ախտից»` ծառայելու արարչաստեղծ աշխարհին, որը վտանգված է պատերազմներից, ահաբեկչություններից, բնական եւ բարոյական աղետներից:..Հայ Եկեղեցու կյանքում կարեւոր այս տոնախմբությանը Ձեր մասնակցությունը եղբայրական սիրո դրսեւորում է` մեր բարեկամությունն ավելի զորացնելու տեսիլքով, որպես Տիրոջ տնտեսության գործակիցներ: Այսօրինակ համախմբումները լավագույն առիթ են միմյանց ավելի լավ ճանաչելու եւ փոխադարձ հոգեւոր արժեքները գնահատելու համար` մեր Եկեղեցիների երկխոսության եւ համագործակցության ճանապարհին»,-նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում կոչ արեց աղոթելու աշխարհի խաղաղության եւ հաշտության համար, պատերազմներից տուժածների, կարոտյալների, նեղյալների եւ հազարավոր գաղթականների համար, որպեսզի Աստված զորացնի եղբայրական սիրո ոգին մարդկանց սրտերում: Նորին Սրբությունը հորդորեց աղոթել նաեւ երկրների ղեկավարների, եկեղեցիների պետերի համար` հայցելով Սուրբ Հոգու շնորհները նրանց համար` առաջնորդելու իրենց հավատացյալ ժողովուրդներին:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը հրավիրեց Տիեզերական Պատրիարքին` իր պատգամն ուղղելու ներկաներին: Նորին Ամենասրբությունը շնորհակալություն հայտնեց Գարեգին Բ Կաթողիկոսին հրավերի համար եւ անդրադարձավ էկումենիկ շարժման կարեւորությանը` ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու մեծ դերակատարությունը էկումենիկ շարժման մեջ:

«Կա° մեկը, որ չի կարող փառաբանել այս օրհնյալ ազգի գերբնական ավանդության ու հարուստ մշակույթի շատ եւ բազմազան կողմերը: Կա° մեկը, որ չի կարող հիանալ այս երկրի աստվածաբանությամբ եւ հոգեղինությամբ, Ս. Պատարագով եւ վանականությամբ, ինչպես նաեւ երաժշտությամբ եւ ծեսով: Ի դեպ, այս արարողությունն իսկ համապատասխանում է այն էկումենիկ ոգուն եւ ջերմությանը, որը բնորոշ է ձեր ժողովրդին: Սակայն, վերջին հաշվով, այս բոլոր հատկանիշները ոչ միայն հղկել են ձեր ժողովրդին, այլեւ հարստացրել են ամբողջ աշխարհը: Եվ դրանք են, որ դարերի ընթացքում պաշտպանել են ձեզ ճգնաժամների եւ մեծ արհավիրքների ժամանակ»,- նշեց Բարդուղիմեոս Ա Պատրիարքը:

Էկումենիկ արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մշակույթի եւ գիտության գործիչներ եւ ավելի քան 25 ներկայացուցիչներ Արեւելյան Ուղղափառ, Օրթոդոքս, Կաթոլիկ, Անգլիկան եւ այլ քրիստոնեական Եկեղեցիներից եւ հարանվանություններից, Էկումենիկ եւ միջկրոնական կազմակերպություններից, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներ եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: