Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդի Ազգային կոմիտեների գագաթաժողով
Օգոստոսի 26-ին Ծաղկաձորում, Գրողների միության տանը, իր աշխատանքներն սկսեց Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդի (ԷԵՓՖ)` Եվրոպայի, Ասիայի եւ Խաղաղ Օվկիանոսյան երկրների Ազգային կոմիտեների հնգօրյա գագաթաժողովը: Գագաթաժողովը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ:
«Գոհունակություն է մեզ համար հաստատել, որ ԷԵՓՖ-ը տնտեսական եւ զարգացման իր ծրագրերով ձգտում է վերականգնել մարդկային արժանապատվությունը, վերհաստատել սեփական կարողությունների հանդեպ մարդկանց ինքնավստահությունն արժանապատիվ կյանքի եւ բարենպաստ պայմանների առողջ եւ հուսալի հեռանկարներով` հաստատված քրիստոնեական արժեքների հենքի վրա: Մենք հավատում ենք, որ այլ կերպ առաջընթաց չի կարելի ապահովել», - ասաց Նորին Սրբությունն իր խոսքում` ողջունելով գագաթաժողովի մասնակիցներին եւ իր գնահատանքը հայտնելով Հայաստանում ԷԵՓՖ-ի լայնածավալ գործունեությանը` գլխավորությամբ Հայաստանի ԷԵՓՖ-ի գրասենյակի գործադիր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի:
Բացման արարողությանը ժողովի մասնակիցներին ողջունեցին նաեւ ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Միջազգային ԷԵՓՖ-ի նախագահ պրոֆ. Քրիստոֆ Սթյուքելբերգեր եւ գործադիր քարտուղար Մահունգի Կանյորոն, Հայաստանի ԷԵՓՖ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանը:
Բացման արարողությանը ազգային եւ հոգեւոր երգերի կատարումներով հանդես եկավ Սբ. Գեղարդավանքի երգչախումբը:
* * *
Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդը (ECLOF) միջեկեղեցական համագործակցության քրիստոնեական աջակցության կառույց է, որը հիմնադրվել է 1946թ.-ին, ժնեւ քաղաքում, ավանդական Եկեղեցիների կողմից, շվեյցարական բանկիրների աջակցությամբ: Այն ներկայումս բաղկացած է շուրջ 34 երկրներում գործող Ազգային կոմիտեներից եւ քարտուղարությունից Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Վերջին տարիներին Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդն իր միջոցների մեծ մասը ուղղել է միկրոֆինանսական ծրագրերի իրականացմանը: Ակնկալիքով, որ այն ազդեցիկ գործիք է աղքատության հաղթահարման գործում ECLOF-ը ներկայումս ֆինանսավորում է միկրոֆինանսական ծրագրեր առավել քան կես միլիոն մարդկանց համար:
Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդը մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն 1999թ-ին Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու նախաձեռնությամբ եւ հրավերով, համագործակցությամբ այլ եկեղեցիների, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի (UNDP), Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտեի (UMCOR), «Ֆրանսիայի Հողագործները եւ Միջազգային Զարգացում (AFDI), Իզմիրլյան Հիմնադրամի, «Ալֆա Փլաս Քոնսալտինգ» Հայ - Ամերիկյան Համատեղ ձեռնարկության, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության եւ մի շարք այլ հասարակական կազմակերպությունների:
Հայաստանի գործունեության հիմնական շեշտադրումները դրվեցին գյուղական վայրերում, գյուղին բնորոշ գործարարության աջակցությանը եւ մնայուն աշխատատեղերի ստեղծմանը: Մինչեւ 2007թ. կազմակերպությունը աշխատանքներ է իրականացրել հանրապետության 9 մարզերում, ՀՀ Կենտրոնական Բանկում հիմնադրել եւ գրանցել է մասնագիտական կառույց` Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն, որի միջոցով այսօր «Հայաստանյան Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդ» Փոխատվական Հիմնադրամը ֆինանսավորում է նշված ծրագրերը: Վերջին տարիներին Հայաստանի Ազգային ԷԵՓՖ Կոմիտեն, ապահովելով զգալի դրական ցուցանիշներ, արժանացել է միջտարածաշրջանային գագաթնաժողովի հյուրընկալող գրասենյակի կարգավիճակին եւ Էկումենիկ Եկեղեցական Փոխատվական Ֆոնդի Միջազգային Գործադիր Կոմիտեն որոշում է կայացրել 2007թ. Եվրոպայում, Ասիայում եւ Խաղաղ Օվկիանոսյան երկրներում գործող Ազգային ԷԵՓՖ Կոմիտեների գագաթնաժողովը կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում: