Զորակցություն համայն հայ ժողովրդին եւ Հայաստանին

Զորակցություն համայն հայ ժողովրդին եւ Հայաստանին

Սեպտեմբերի 1-ին Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ: 

Հանուն Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի` Կարդինալ Էրդոն դատապարտել է նաեւ ազգային պատկանելության հողի վրա իրականացվող բռնությունն ու ատելությունը` հայցելով, որ Բարձրյալ Աստված պահպանի համայն հայ ժողովրդին եւ օրհնի արդարության ու խաղաղության շնորհներով:

Արձագանքելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կոչին` ցավալի երեւույթի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ անդամ 349 Եկեղեցիների անունից Հունգարիայի իշխանություններին իր վրդովմունքն է արտահայտել Խորհրդի Գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Տվեյթը: Անդրադառնալով Հունգարիայի եւ Ադրբեջանի ձեռնարկած մտահոգիչ քայլերին` ԵՀԽ-ն դատապարտել է բոլոր այն գործողությունները, որ կոպտորեն խաթարում են խաղաղությունը եւ արդարությունը տարածաշրջանում: