Զատկական Ս. Պատարագ ՙԷրեբունի՚ քրեակատարողական հիմնարկում
Ապրիլի 24-ին, Սուրբ Հարության տոնի առիթով ՙԷրեբունի՚ քրեակատարողական հիմնարկի Ս. Հարություն եկեղեցում ձեռամբ ՔԿՀ հոգեւոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Արարողությանը ներկա էին ՔՀԿ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը եւ ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ի վարչակազմը` գլխավորությամբ հիմնարկի պետ գնդապետ Հովհաննես Պետրոսյանի:
Սուրբ Պատարագի ընթացքում Հայր Ռուբենը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու զատկական պատգամը: Այնուհետեւ դիմելով ներկաներին` Հայր Սուրբն ուրախություն հայտնեց ձեւավորվող համագործակցության եւ ՔՀԿ վարչության պատրաստակամության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ Պատարագի կազմակերպումը, ինչպես նաեւ տարբեր ձեռնարկների միջոցով ազատազրկվածների հոգեւոր կանոնավոր խնամատարությունը:
Անդրադառնալով Սուրբ Հարության խորհրդի կարեւորությանը` Հայր Սուրբը մասնավորաբար նշեց. ՙՍուրբ Զատիկը մերª քրիստոնյաներիս հաղթանակի տոնն է: Տիրոջ հարությամբ ոչ միայն խորտակվեց մեղքի ու մահվան իշխանությունը, այլեւ մարդկային նոր կյանքի սկիզբը դրվեց: Այսօր մենք եւս կանգնած ենք Սուրբ Հարության խորհրդի առջեւ` ոչ միայն ամրապնդելու մեր հավատն ու հույսը, այլեւ վերափոխելու մեր կյանքը՚:
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու հարեւանությամբ տեղակայված խաչքարի մոտ կատարվեց նաեւ հոգեհանգիստ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: