Երևանի Միջազգային կանանց ասոցիացիայի անդամների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Երևանի Միջազգային կանանց ասոցիացիայի (ԵՄԿԱ) անդամներին` գլխավորությամբ ԵՄԿԱ նախագահ Միրնա Մկրտչյան-Տեչլերի: Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հանդիպման սկզբում ԵՄԿԱ նախագահ Միրնա Մկրտչյան-Տեչլերն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ասոցիացիայի անդամներին, ինչպես նաև` կազմակերպության գործունեությունը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններում զանազան բարեգործական ծրագրեր են իրականացվում:
Ողջունելով ԵՄԿԱ անդամների այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունը Ս. Աստվածածնի Ավետման գալիք տոնի առիթով իր շնորհավորանքները փոխանցեց ասոցիացիայի անդամներին: Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ կանանց մեծարանքի ու գնահատանքի այդ տոնն իր խորհրդով արտահայտություն է նաև այն բարձր ու վեհ ընկալումների, որ ունի հայ ժողովուրդը հանդեպ մայրությունը: Ապա անդրադառնալով հայ կնոջ կարևոր դերին ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծեց, որ հասարակական կյանքի վրա առաջին կնիքը թողնում են կանայք, քանի որ մանուկներին իրենց տված դաստիարակությամբ է պայմանավորված տվյալ ժողովրդի ապագան:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը ԵՄԿԱ անդամներին նաև հորդորեց հայ եկեղեցիներին կից գործող տիկնանց միությունների միջոցով ակտիվ մասնակցություն և օգտակարություն բերել Եկեղեցու առաքելության իրականացմանը` հայ ժողովրդի զավակներին համախմբելու հոգևոր արժեքների ու նախնյաց հավատքի շուրջ: Այնուհետև Նորին Սրբությունը, գնահատանք հայտնելով ԵՄԿԱ գործունեության և ներդրվող ջանքերի համար, հաջողություն մաղթեց ասոցիացիայի աստվածահաճո առաքելությանը: