Երուսաղեմի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը` պատրիարքական ընտրությունից հետո Իջման Ս. Սեղանի առջև իր ուխտը վերանորոգելու համար: Նուրհան Պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Տ. Տիրան աբեղա Հակոբյանը:
Հայոց Պատրիարքը հանդիսավոր թափորով «Հրաշափառ» երգեցողության ներքո առաջնորդվեց դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց աղոթքի արարողություն: Ապա Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունեց Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Այնուհետև իր հերթին Մայր Աթոռի միաբաններին դիմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքը` հայտնելով, որ հոգեկան հրճվանք է ապրում գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Անշուշտ, հաճախակի չայցելել դեռևս չի նշանակում, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեր մտքից ու սրտից դուրս է, ընդհակառակը, յուրաքանչյուր հայի համար Մայր Աթոռը Սրբություն Սրբոց է և պետք է այդպես մնա և պիտի մնա նամանավանդ Երուսաղեմի հայերի համար», - նշեց Նուրհան Պատրիարքն իր խոսքում:
Բարիգալստյան արարողությունից հետո տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիպումը:
Ողջունելով Ամենապատիվ Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ այս օրերին Սփյուռքի և Հայաստանի տարբեր համայնքներից Սուրբ Էջմիածնում ժողովի են համախմբվել Մայր Աթոռի միաբանները և հունիսի 22-ին նաև իրենց մասնակցությունը պիտի բերեն Սուրբ Էջմիածնի տոնին:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեությանը, միաբանության կյանքին, ինչպես նաև հայ ժողովրդի հոգևոր ընթացքին:
Առաջիկա օրերին Ամենայն Հայոց Հովվապետը և Երուսաղեմի Պատրիարքն անդրադարձ կունենան Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու ազգային-եկեղեցական կյանքը հուզող տարբեր խնդիրներին: