Երկօրյա քահանայից հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսավորությամբ նշվեց սուրբ Ղեւոնդյանց քահանաների տոնը: Ձեւավորված ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ քահանաների ամենամյա հավաք: Տոնի առիթով Հայաստանի եւ Արցախի թեմերից ժամանած հոգեւոր սպասավորները ներկա գտնվեցին Սուրբ Պատարագին, մասնակցեցին քննարկումների ներկայացված զեկույցների շրջանակներում, միասնաբար աղոթեցին Երեկոյան ժամերգության ընթացքին:

Նույն օրը, երեկոյան ժամերգությունից հետո, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մայր Տաճար, շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հոգեւորականաց տոնի առիթով: Իր հերթին, Վեհափառ Հայրապետը հանուն եկեղեցականների իր շնորհակալությունը, գնահատանքը եւ օրհնությունը փոխանցեց ՀՀ վարչապետին:

Հունվարի 30-ին Մայր Աթոռում շարունակվեցին տոնակատարությունները: Վաղ առավոտյան եկեղեցականների հանդիսավոր թափորը Վեհափառ Հայրապետին առաջնորդեց Մայր Տաճար, ուր կատարվեց Արեւագալի ժամերգություն: Ապա Նորին Սրբության նախագահությամբ սկսվեցին քահանայից հավաքի երկրորդ օրվա աշխատանքները:

Հընթացս ժողովի զեկուցումներով հանդես եկան Տ. Մեսրոպ քահանա Արամյանը (Արցախի թեմ), Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյանը (Արարատյան Հայրապետական թեմ), Տ. Շիրակ քահանա Խանոյանը (Սյունյաց թեմ), Տ. Գեւորգ քահանա Կրտիկաշյանը (Արմավիրի թեմ): Քահանաներն իրենց զեկույցներում անդրադարձան Եկեղեցու քարոզչության առավել աշխուժացման անհրաժեշտությանը: Կարեւոր նկատվեց ժամանակակից տեխնիկական եւ լրատվական զանազան միջոցների արդյունավետ գործածությունը քարոզչական գործունեության մեջ:

Քահանայից հավաքի երկրորդ օրը ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին Ղեւոնդյանց ոգով իրենց ծառայությունը մատուցել մեր ժողովրդին եւ Հայրենիքին:

Տոնակատարությունները շարունակվելու են հունվարի 31-ին` Սրբոց Վարդանանց տոնին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սբ. Պատարագ: Վարդանանց տոնին տոնախմբվում է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը, որի առիթով հավարտ Սբ. Պատարագի եկեղեցիներում կատարվելու է Հայրապետական մաղթանք: Տոնին թեմերում կազմակերպվելու են նաեւ խաչապտույտներ եւ այլ հանդիսություններ: