Երեւանում տեղի ունեցավ ռուսական եկեղեցու հիմնարկեքի արարողություն
Մարտի 18-ին Երեւանում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը կատարեց ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը` աղոթակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Արարողությանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցու բարերար, ռուսաստանաբնակ Արա Աբրահամյանը եւ բազմաթիվ հավատացյալներ:
«Այսօր մենք կատարեցինք Երեւանում նոր ուղղափառ եկեղեցու հիմնարկեքը, որտեղ կլինի նաեւ Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցչությունը: Սա նշանակալից իրադարձություն է, որին մենք բոլորս շատ ենք սպասել»,- արարողությունից հետո իր խոսքում նշեց Կիրիլ Պատրիարքը` մաղթելով, որ եկեղեցին ուղղափառների նոր աղոթատուն լինելուց զատ դառնա նաեւ երկու եկեղեցիների եւ ժողովուրդների բարեկամության ու համագործակցության եւս մեկ հանգրվան:
Ապա ներկաներին իր օրհնության խոսքը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Քաղցր հիշողությամբ ենք մտաբերում այն օրը, երբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի հետ կատարեցինք Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եվ այսօր կամոքն Աստուծո, ի Քրիստոս սիրեցյալ Մեր Եղբոր` Կիրիլ Ա Պատրիարքի հետ միասնական աղոթքով կատարեցինք հիմնարկեքի արարողությունը Երեւանի Սուրբ Խաչ ռուսական Եկեղեցու: Հայոց եւ Ռուսիո սրբազան հողի վրա բարձրացող նվիրական մեր տաճարները խորհրդանշում են նաեւ մեր երկու ժողովուրդների եղբայրական գործակցության ոգով հատկանշված դարավոր բարեկամությունը եւ գալիս են նոր ընթացք ու զարգացում բերելու մեր եկեղեցիների համագործակցությանը»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Եկեղեցու հիմնարկեքից հետո երկու հովվապետերը այցելեցին Երեւանի պետական համալսարան, ուր հանդիպում ունեցան համալսարանի ղեկավարության, դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Հանդիպման ընթացքում Կիրիլ Ա Պատրիարքին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում, ապա տեղի ունեցավ Պատրիարքի «Հովվի խոսք» եւ «Ազատություն եւ պատասխանատվություն» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը:
Ներկաներն առիթ ունեցան լսելու Ռուսիո Պատրիարքի մտորումները քրիստոնեական արժեքների եւ մեր ժամանակներում դրանց դերակատարության, ինչպես նաեւ հասարակական խնդիրների մասին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՌԻԹՈՎ
Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Մեծարգո դեսպաններ,
Սիրելի ներկաներ,
Այսօր կրկնակի ուրախությամբ ու ցնծությամբ է լցված Մեր հոգին: Հայոց օրհնյալ հողի վրա` Ձեզ հետ, սիրեցյալ եղբայր, միասնական աղոթքներով կատարեցինք ռուսական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Գեղեցիկ այս վայրում վեր է խոյանալու մի նոր աղոթատեղի` իր օրհնաբաշխ ու շնորհասփյուռ հարկի ներքո հավաքելով ոչ միայն ռուս, այլեւ ուկրաինացի, բելառուս, հույն եւ Ուղղափառ մյուս եկեղեցիների հավատացյալներին:
«..Քանի որ նախանձախնդիր էք հոգեւոր շնորհների, ջանացէ°ք առաւել եւս հարստանալ նոյն շնորհներով ի շինութիւն եկեղեցու» (Ա Կորնթ. 14.12) -ասում է Պողոս Առաքյալը: Ահավասիկ, սիրելիներ, Հայաստանում բնակվող ռուս ուղղափառ զավակներիդ հոգեւոր շնորհների հանդեպ ունեցած նախանձախնդրության եւ աստվածահաճո ընթացքի պտուղն է կառուցվող այս եկեղեցին, ինչպես որ Ռուսիո օրհնյալ հողի վրա կառուցվող Մոսկվայի հայկական եկեղեցին արդյունքն է հավատավոր մեր հայորդիների աստվածահաճո եւ ազնիվ ձգտումների:
«Երանի զեկեղեցի շինողաց». այս մաղթանքն են բազմիցս հնչեցրել Մեր նախնիք իրենց շուրթերից, երբ տեսել են նախաձեռնությունը այն հավատացելոց, որոնց շնորհիվ վեր են հառնել եկեղեցիներ: Երանի է մեր հավատավոր որդիներին, որ հավատքի իրենց ուղին զարդարում են եկեղեցաշինությամբ` արժանի դառնալով Երկնավոր մեր Տիրոջ օրհնությանն ու երկնառաք բյուր բարիքներին:
Քաղցր հիշողությամբ ենք մտաբերում այն օրը, երբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի հետ կատարեցինք Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եվ այսօր կամոքն Աստուծո, ի Քրիստոս սիրեցյալ Մեր Եղբոր` Կիրիլի Ա Պատրիարքի հետ միասնական աղոթքով կատարեցինք հիմնարկեքի արարողությունը Երեւանի Սուրբ Խաչ ռուսական Եկեղեցու:
Հայոց եւ Ռուսիո սրբազան հողի վրա բարձրացող նվիրական մեր տաճարները խորհրդանշում են նաեւ մեր երկու ժողովուրդների եղբայրական գործակցության ոգով հատկանշված դարավոր բարեկամությունը եւ գալիս են նոր ընթացք ու զարգացում բերելու մեր եկեղեցիների համագործակցությանը:
Ցնծացեք եւ ուրախ եղեք, սերելի ուղղափառ զավակներ մեր, քանզի Տերը շնորհ արեց ամենքիդ, եւ սրբազան ձեր տաճարի հիմերի օրհնությունը կատարվեց ձեռամբ ձեր Հովվապետի, որին աղոթակից եղանք եւ մենք` հայցելով Երկնավորից, որ Տերը երկար տարիների արդյուանվոր գահակալություն պարգեւի հոգեւոր մեր եղբորը եւ օրհնի ազնիվ ջանքերը Կիրիլ Պատրիարքի` հանուն Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառության եւ Ռուսաստանի Դաշնության առավել զորացման ու բարգավաճման:
Եկեղեցու հիմնարկեքի այս օրհնյալ առիթով Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում եկեղեցու բարերար, Ռուսաստանում բնակվող մեր ժողովրդի արժանավոր զավակ Մեծարգո Տիար Արամ Աբրահամյանին, ինչպես նաեւ եկեղեցին նախագծող ճարտարապետին եւ կառուցող շինարարներին:
Տոնական այս օրը մեր պատգամն է ձեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ շարունակեք ձեր քրիստոսասեր ընթացքը հայոց հողի վրա, միշտ արթուն պահեք ձեր հոգիներում եկեղեցասիրության ոգին, ինչպես նաեւ հաստատուն` ձեր քայլերը դեպի Արքայության դռները ձեր առջեւ բացող Սուրբ Եկեղեցի, որը զորություն է պարգեւում դիմակայելու ժամանակների մարտահրավերները եւ հավատարիմ մնալու ձեր Եկեղեցու սրբազան արժեքներին ու ավանդույթներին:
Ձեր աղոթքներով խաղաղ եւ ապահով պիտի լինեն մեր երկրները, հզոր ու անսասան` մեր Եկեղեցիները եւ ամուր ու հարատեւ` եղբայրությունը հայ եւ ռուս հավատակից ժողովուրդների:
Աղոթք ենք մատուցում առ Բարձրյալն Աստված, որպեսզի բազմապատկեք եկեղեցաշեն ու բարի ձեր իրագործումները եւ լինեք հավատավոր զավակները Ռուս Ուղղափառ Եկեղեցու եւ արժանավոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության:
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանդ. Ամէն: