«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին

«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության  անդամներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին 11.12.2015
«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին


     Դեկտեմբերի 10-ին «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի` Հայաստանում գումարված հավաքի մասնակիցները, ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
     Երիտասարդական կազմակերպության անդամները Մայր Տաճար այցելությունից հետո «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպում ունեցան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ:
     Նաթան Սրբազանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու հայրապետական օրհնությունը փոխանցելով ամենքին, գոհունակությամբ հաստատեց, որ երիտասարդության այցը համայն հայության հոգևոր կենտրոն կարևորագույն իրողություն է, քանի որ տարբեր երկրներ ու պետություններ ներկայացնող երիտասարդները հնարավորություն են ունենում մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի նվիրական արժեքներին ու սրբություններին: Սրբազանը ընդգծեց նաև, որ տարբեր երկրներում նման հավաքների կազմակերպման շնորհիվ երիտասարդները կարող են լավագույնս ծանոթանալ միմյանց հետ` հաղորդ դառնալով միմյանց արժեքներին, մշակույթին և աշխարհընկալմանը:
     Նաթան Սրբազանը, անդրադառնալով Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը, ներկաներին պատմեց Հայ Եկեղեցու ստանձնած առաքելության մասին, ինչպես նաև «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի անդամներին հաջողություններ մաղթեց և հայցեց, որ Աստծո զորակցությամբ վերջիններիս կողմից իրականացվելիք ծրագրերը կյանքի կոչվեն` ի նպաստ երիտասարդության կյանքի առաջխաղացման և բարօրության:
Սրբազան Հայրը պատասխանեց նաև ուսանողների հարցումներին, որոնք վերաբերում էին հայ երիտասարդության հոգևոր կյանքին, պատմության ընթացքում և հատկապես խորհրդային տարիներին Հայ Եկեղեցու դիմագրաված դժվարություններին, հայ ինքնության պահպանությանը, Հայ Եկեղեցու կողմից քարոզչության համար գործածվող ժամանակակից տեղեկատվական միջոցներին: