Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամների հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետ
Հունիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամներին:
Հանդիպման ընթացքում ժողովականներին Նորին Սրբությանը ներկայացրեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` շեշտելով հատկապես ԵԵԿ-ի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի կարեւոր առաքելությունն անդամ եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Ապա ներկաներին իր օրհնությունը եւ բարեմաղթանքը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Ուրախ ենք, որ 1977թ-ից մեր երջանկահիշատակ նախորդների իմաստության շնորհիվ Հայոց Եկեղեցին անդամ է Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի եւ իր գործուն մասնակցությունն է բերում եկեղեցիների միջեւ փոխհասկացողության եւ երկխոսության հաստատման գործում»,-նշեց Նորին Սրբությունն իր խոսքում: Վեհափառ Հայրապետն այս այցը նկատեց իբրեւ եւս մեկ հնարավորություն` մոտիկից ճանաչելու Հայոց Եկեղեցին եւ նրա ներկայիս կացությունը: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ մեր ժողովրդի կյանքում հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը եւ հանգամանորեն ներկայացրեց եկեղեցու առջեւ ծառացած խնդիրները, եկեղեցու գործունեությունը քրիստոնեական դաստիարակության եւ սոցիալական ոլորտներում: Իր խոսքի ավարտին` Ամենայն Հայոց Հայրապետը հաջողություն եւ արդյունաշատ ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին:
Ներկաների անունից ցուցաբերվող հոգատարության համար Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեց «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի համանախագահ տիկին Անթիե Հայդեր Ռոթթվիլմը: Տիկին Ռոթթվիլմը մասնավորաբար անդրադարձավ էկումենիկ շարժման մեջ Հայ Առաքելական Եկեղեցու եւ անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարեւոր ներդրմանը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին: