Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի համագումարը Կիպրոսում

Հոկտեմբերի 6-11-ը, Կիպրոսում, տեղի Ուղղափառ Եկեղեցու հյուրընկալությամբ կգումարվի Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական կոմիտեի 2008 թ. աշնանային հերթական նստաշրջանը, որի ընթացքում ԵԵԿ բոլոր հանձնախմբերը կներկայացնեն իրենց զեկույցները կատարված աշխատանքների վերաբերյալ, կանդրադառնան ԵԵԿ-ին «Գաղթականների հարցերով Եվրոպական Եկեղեցիների հանձնախմբի» միավորման հարցին, մի շարք եկեղեցիների անդամակցության դիմումներին, 2009 թ. հուլիսի 15-21-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք ԵԵԿ 13-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքներին: Նախատեսվում են նաեւ մի շարք փոփոխություններ ԵԵԿ-ի կանոնադրության մեջ:

Կենտրոնական կոմիտեի անդամները կհյուընկալվեն Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Ամենապատվություն Քրիսոստոմոս արքեպիսկոպոսի կողմից, կայցելեն նաեւ Կիպրոսում Եվրամիության հանձնակատարի գրասենյակ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին կմասնակցի ԵԵԿ Կենտրոնական կոմիտեում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ներկայացուցիչ, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը: