Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Գլխավոր քարտուղարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԵԿ-ի Գլխավոր քարտուղարին
Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պաշտոնական այցով ժամանեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Գլխավոր քարտուղար Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությունը:
Օգոստոսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատվիրակությունը ներկա գտնվեց Սբ. Պատարագին եւ եպիսկոպոսական ձեռնադրության եւ օծման սրբազան արարողությանը: Այնուհետեւ ԵԵԿ-ի Գլխավոր քարտուղարն ու պատվիրակությունը ծանոթացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը եւ պատմական կառույցներին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, եղան Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե վանքերում:
Օգոստոսի 25-ին Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատվիրակությանն ուղեկցում էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Միջեկեղեցական գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը, աշխատակից Տ. Առեն աբեղա Ջեբեջյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ողջունելով ԵԵԿ-ի Գլխավոր քարտուղարի անդրանիկ այցն Ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունն իր գոհունակությունը եւ ուրախությունը հայտնեց Հայոց Եկեղեցու եւ ԵԵԿ-ի միջեւ առկա համագործակցության համար: Նորին Սրբությունն ընդգծեց միջեկեղեցական հարաբերությունների սերտացման անհրաժեշտությունը` դրանում կարեւոր նկատելով Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի առաքելությունը:
Հայոց Հովվապետը նաեւ անդրադարձավ Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին, ԵԵԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Եկեղեցու ներկայիս գործունեությունը եւ կատարված աշխատանքները քրիստոնեական դաստիարակության, եկեղեցականների պատրաստության, եկեղեցի-պետություն հարաբերությունների, սոցիալական սպասավորության ոլորտներում: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին եւ նրանց խնդիրներին:
Հանդիպման ընթացքին Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց` հայ ժողովրդին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ԵԵԿ-ի բերած աջակցության համար:
Հայ Եկեղեցին Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի անդամ է 1977 թ., ունի մեկ ներկայացուցիչ ԵԵԿ-ի Կենտրոնական կոմիտեում եւ երեք մշտական ներկայացուցիչներ հանձնախմբերում:
* * *
Նույն օրը պատվիրակությունն այցելեց Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Հայաստանում գործող էկումենիկ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվեցին այդ կազմակերպությունների գործունեության ոլորտները, իրագործվող ծրագրերը:
Օգոստոս 25-ին Ք. Վիլյամսի գլխավորած պատվիրակությունն եղավ նաեւ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուր հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանի հետ: Այնուհետեւ հյուրերն այցելեցին Բյուրական եւ Ամբերդ: