Եվս հինգ եկեղեցական հոգեւոր ծառայությունը կշարունակի ՀՀ Զինված ուժերում
Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ, ընդունեց հինգ եկեղեցականների, ովքեր հոգեւոր ծառայությունը շարունակելու են ՀՀ Զինված ուժերում:
Հանդիպմանը Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Հայոց բանակի նոր հոգեւոր սպասավորներին, անդրադարձավ բանակի հոգեւոր սպասավորության գործունեությանը:
Այնուհետեւ հոգեւոր ծառայության կոչված եկեղեցականներին օրհնեց եւ իր պատգամը տվեց Ամենայն Հայոց Հայրապետը: Ընդգծելով, որ նրանք կոչված են հայ զինվորի ոգին բարձրացնելու, Հայրենիքի եւ Եկեղեցու հանդեպ նրա սերը զորացնելու, քրիստոնեական արժեքներին հաղորդ դարձնելու կարեւոր ծառայության` Նորին Սրբությունը հորդորեց օրինակելի անձեր դառնալ զինծառայողների համար եւ հավատի խորն ապրում փոխանցել նրանց: Վեհափառ Հայրապետը կոչ արեց անսակարկ ու աննվազ նվիրումով հովվական աշխատանք իրականացնել այն գիտակցությամբ, որ բանակը հայոց պետության եւ ժողովրդի գոյության երաշխիքն է:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավետ ծառայություն մաղթեց եկեղեցականներին` իրենց սպասավորությամբ նպաստելու Հայրենիքի անվտանգությանն ու ապահովությանը:
Ներկայումս ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությունն ունի տարբեր զորամասերում սպասավորող քառասունյոթ եկեղեցական: Այս տարի լրանում է առաջնորդության 15-ամյակը: