Եռօրյա համաժողով «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամի» աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ, իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որը նպատակ ունի ՀՀ տարբեր մարզերի որոշ դպրոցների ծնողական և աշակերտական լսարաններում քահանաների հետ հանդիպումների միջոցով կազմակերպել ընտանեկան հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ և ուղենշել հաղթահարման հնարավոր միջոցներն ու տարաբնույթ ճգնաժամերից խուսափելու հոգևոր ճանապարհը:
Հոկտեմբերի 29-ին Ծաղկաձորի «Գրողների տուն» հաստատությունում ծրագրի շրջանակներում մեկնարկեց եռօրյա համաժողով՝ շուրջ 30 հոգևորականների և ՔԴԿ աշխատակիցների մասնակցությամբ:
Համաժողովի հանդիսավոր բացումն սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Ներկա գտնվող քահանա հայրերին և ՔԴԿ աշխատակիցներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին անդամակցող պատգամավորներ տիկին Կարինե Աճեմյանն ու տիկին Ռուզաննա Մուրադյանը, ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամի» տնօրեն տիար Գարիկ Հայրապետյանն ու ԿԳՆ հանրակրթության վարչության պետ տիկին Նարինե Հովհաննիսյանը:
Եռօրյա համաժողովի ընթացքում կներկայացվեն տարբեր զեկուցումներ, արծարծվող նյութի շուրջ տեղի կունենան քննարկումներ: