Եռօրյա համաժողով Ծաղկաձորում
Ապրիլի 18-20-ը Ծաղկաձորի Գրողների տանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ տեղի ունեցավ «Երբ ԵՍ-ը դառնում է ՄԵՆՔ» խորագրով եռօրյա համաժողով: Այն ընթանում էր «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է դպրոցներում ծնողների և աշակերտության հետ քահանաների հանդիպումների միջոցով ուղենշել ընտանեկան հիմնախնդիրների հաղթահարման միջոցները և տարաբնույթ ճգնաժամերից խուսափելու հոգևոր ճանապարհը: Համաժողովին մասնակցում էին շուրջ 30 հոգևորականներ, ՔԴԿ աշխատակիցներ և հյուրեր:
Համաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Ներկաներին ողջունեցին նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն ու ԿԳՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Նարինե Մնացականյանը:
Եռօրյա համաժողովի ընթացքում համապատասխան լսարանների հետ աշխատանքների առանձնահատկությունների մասին զեկուցեց Վարդան Սրբազանը: Տեղի ունեցան քննարկումներ ծրագրի շրջանակներում նկարահանված սոցիալական հոլովակների շուրջ:
Բանախոսությամբ հանդես եկան Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Սիրո միջավայրը՝ ընտանեկան առողջ հարաբերությունների ձևավորման նախապայման» թեմայով և ՔԿՀ հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Ընտանիք հասկացությունը Ս. Գրքում և քրիստոնեական ընկալմամբ» թեմայով: Օրվա սուրբգրային ընթերցվածքների շուրջ ներկաներին իրենց մտածումները փոխանցեցին Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը և Տ. Թադե քահանա Թախմազյանը: Աշխատանքի և Սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը ներկայացրեց պետության կողմից իրականացվող միջոցառումները՝ ընտանեկան ներդաշնակ հարաբերությունների հաստատման և պահպանման ուղղությամբ: Դասընթացավար Անահիտ Մինասյանի ուղորդմամբ կազմակերպվեց խմբային աշխատանք՝ մշակելու ծրագրի ձևաչափը:
Վերջում համաժողովի արդյունքներն ամփոփեց ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը` հստակեցնելով և ուղենշելով ծրագրի շրջանակներում իրականացվելիք հետագա աշխատանքները: