Եպիսկոպոսաց խորհրդակցական հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ եպիսկոպոսաց խորհրդակցական հավաք:
Հավաքը սկսվեց «Հայր մեր»-ով, որից հետո Վեհափառ Հայրապետը, ողջունելով Մյուռոնօրհնության առիթով Ս. Էջմիածին ժամանած Հայաստանի եւ Սփյուռքի հայոց թեմերի առաջնորդներին եւ վանաբնակ բարձրաստիճան հոգեւորականներին, Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց` մաղթելով Աստծո զորակցությունն իրենց առաքելության իրականացման գործում:
Հավաքին հրավիրված էր ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ տիկ. Հրանուշ Հակոբյանը, որը եպիսկոպոսաց դասին ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարարության հայեցակարգը: Զեկույցում տիկ. Հակոբյանը հանգամանալից անդրադարձավ նախարարության կառուցվածքին եւ ապագա ծրագրերին` ուղղված Հայաստան-Սփյուռք կապերի զորացմանը, հայապահպանությանը, հայրենադարձությանը եւ հայ ներուժի համախմբմանը: Զեկույցից հետո տիկ. Հակոբյանը պատասխանեց եպիսկոպոսների հարցերին:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիկ. Հրանուշ Հակոբյանին համապարփակ, մանրամասն զեկույցի համար` հաջողություններ մաղթելով նախարարության գործունեությանը:
Հավաքի օրակարգում էր նաեւ թեմական, ծխական տիպային կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագծի հարցը, որի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի միաբան Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով թեմերից ստացված առաջարկություններին:
Օրակարգում ընդգրկված էին նաեւ Հայ Եկեղեցու քարոզչական առաքելության կազմակերպմանը եւ ներեկեղեցական կյանքին առնչվող այլ հարցեր: Եպիսկոպոսաց հաջորդ խորհրդակցական հավաքը որոշվեց գումարել առաջիկա տարի նոյեմբեր ամսին:
Հավաքը փակվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: