Եպիսկոպոսական ուխտի Ս. Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Միածնաէջ Սուրբ Խորանի վրա, իր ուխտի Ս. Պատարագը մատուցեց Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ նորաօծ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Սրբազան Հայրը Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով եպիսկոպոսական ձեռնադրության եւ օծման խորհրդին եւ շեշտելով առաքելական հաջորդականության կարեւորությունը Քրիստոսի Եկեղեցու կյանքում: Սահակ եպիսկոպոսն իր շնորհակալությունը եւ որդիական երախտագիտությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իրեն վստահելու եւ եպիսկոպոսության աստիճանին արժանացնելու համար, ինչպես նաեւ եկեղեցում ներկա հավատացյալներին եւ ուխտավոր պոլսահայերին` հայցելով նրանց աղոթքների զորակցությունը:
Ս. Պատարագի երգեցողությունը կատարեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի առիթով Հայաստանում գտնվող Կ. Պոլսի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու «Լուսավորիչ» երգչախումբը` ղեկավարությամբ Հակոբ Մամիկոնյանի:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ եւ պոլսահայ ուխտավորներ:
Ս. Պատարագից հետո, Վեհարանի հարկի ներքո Ամենայն Հայոց Հայրապետը ընդունեց «Լուսավորիչ» երգչախմբի անդամներին` ուղեկցությամբ Սահակ Սրբազանի: Նորին Սրբությունը իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ուխտավոր պոլսահայերին: