Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Լուսանկարների սրահ
Ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Հընթացս Սբ. Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում ստացան Մայր Աթոռի վանորեից տեուչ Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:
Սրբազան արարողության ընթացքին Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը եւ Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Ընծայացուների խարտավիլակն էր Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հայրապետական Սբ. Պատարագի ընթացքում, Սբ. Ստեփանոս Նախասարկավագի խորանի առջեւ կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Ձեռնադրվելիք եպիսկոպոսների արժանավորության մասին Ամենայն Հայոց Հայրապետին վկայեցին Հայ Եկեղեցու նվիրապետության ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաեւ ժողովրդը ներկայացնող աշխարհականներ: Ապա Սբ. Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին:
«Աստվածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները դարձան դեպի հավատացյալ ժողովուրդը եւ վեր բարձրացրեցին իրենց ձեռքերը` ի նշան իրենց հրաժարման աշխարհից: Ապա Նորին Սրբությունն Արտակ, Մկրտիչ եւ Հովակիմ Հայր Սուրբերին կոչեց եպիսկոպոսության եւ Մայր Տաճարի մկրտության ավազանից հանդիսավոր թափորով բերված Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:
Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններ եւ մատանիներ, ինչպես նաեւ Սբ. Ավետարան` ի նշան քարոզչության:
Օծումից հետո Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց նորաօծներին եւ ներկա բարեպաշտ ժողովրդին: Նորին Սրբությունը ժողովրդին ներկայացրեց ձեռնադրյալներին, ապա անդրադարձավ եպիսկոպոսի կոչմանը: «...Տիրոջ հավատացյալ հոտի բարձրաստիճան հոգեւոր սպասավորն է եպիսկոպոսը, ով իր Քրիստոսապատվեր առաքելության մեջ կոչված է առավել պատասխանատվությամբ եւ անձնվիրումով ծառայելու Աստծուն, ազգին եւ Հայրենիքին: Քրիստոսի առաքյալները աշխույժ ու ջանադիր ծառայության մշտահունչ հորդորներ են ուղղել հոգեւոր սպասավորներին եւ հատկապես ձեռնադրյալ եպիսկոպոսներին: Եպիսկոպոսի առաքելության մեծ կարեւորության մասին է խոսում աստվածատես Պողոս առաքյալը, ով ի դեմս իր կողմից եպիսկոպոս ձեռնադրված Տիմոթեոսի` հորդորում է բոլոր եպիսկոպոսներին. «Զգործս աւետարանչի գործեա°. զպաշտօնդ քո կատարեալ կալ»:
Հայոց պատմության ընթացքում մեր երանյալ հոգեւորականները, Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառ գործիչներ հանդիսացող շնորհառատ եպիսկոպոսները առաքյալի հորդորի համաձայն իրենց ծառայության կատարյալ իրագործումով են հովվել մեր բարեպաշտ եւ Քրիստոսասեր ժողովրդին, տարածել Ավետարանի Բանն Կենաց, հսկել եւ աշխույժ պահել հոգեւորականաց ծառայությունը եկեղեցական անդաստանում, օրինակ եղել իրենց անբասիր հավատքով ու վարքով, արժանահիշատակ բազում գործերով»,- ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը:
Ապա Նորին Սրբությունն անդրադարձավ եպիսկոպոսական դասի կարեւոր առաքելությանը մեր օրերում. «Այսօր, երբ զարթոնք է ապրում հոգեւոր-եկեղեցական կյանքը աշխարհասփյուռ հայության, հիմնվում են նոր համայնքներ եւ թեմեր, վեր հառնում նորանոր աղոթավայրեր, տերունապատվեր առաքելության արգասավորման, եկեղեցավարչական գործունեության լավ կազմակերպման, ինչպես նաեւ եկեղեցական մեր կյանքում առկա լուծման կարոտ հիմնախնդիրների հաղթահարման համար առավել է կարեւորվում մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի դերը: Գոհություն եւ փառք ենք հայտնում Ամենակալ Աստծուն, որ այսօր նորաօծ եպիսկոպոսներով զորանում է մեր Եկեղեցին, ովքեր պիտի առաքյալի պատվերի համաձայն արժանի գործերով լիուլի կատարեն իրենց պաշտոնը, որ անձնուրաց ծառայություն է, նախանձախնդրություն է, նվիրում է Քրիստոսին անշեղորեն հետեւելու բարի ճանապարհին: Նորոգ ձեռնադրյալ եպիսկոպոսները Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջեւ ուխտեցին այսուհետ եւս անսայթաք ընթանալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վարդապետության ու պատվիրանների համաձայն եւ արդյունաշատ գործունեություն իրականացնել Աստծո փառքի եւ Եկեղեցու պայծառության համար: Մենք հավատում ենք, որ իրենց ուխտին հավատարիմ` եպիսկոպոսացյալ մեր եկեղեցականները բեղուն գործունեությամբ պիտի մեծապես նպաստեն նոր առաջընթացին եւ բարգավաճմանը աշխարհասփյուռ հայոց ազգային-եկեղեցական կյանքի, քանզի «ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչվեցին նրա նախասահմանումով» (Հռ. 8.28)»: Հայրապետը նաեւ ուրախության հայտնեց այն փաստի առիթով, որ իր իսկ հիմնադրած Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը Հայ Եկեղեցու անդաստանից ներս տալիս է իր առաջին եպիսկոպոսները` ի դեմս Մկրտիչ եւ Հովակիմ Սրբազանների:
Հայցելով Բարձրյալի օրհնությունն ու օգնականությունը` Վեհափառ Հայրապետը մաղթեց երեք եպիսկոպոսներին նոր հանձնառությամբ եւս առավել արդյունավորել իրենց ծառայությունը մեր Սուրբ Եկեղեցուն եւ հավատավոր ժողովրդին, Տիրոջ կենարար վարդապետության մշտարթուն քարոզչությամբ ավետարանչի գործեր կատարել եւ կատարելապես իրականացնել եպիսկոպոսական առաքելությունը հայոց ազգային-եկեղեցական անդաստանում` հավելելով պայծառությունը Հայաստանյայց Եկեղեցու եւ ուրախություն ու մխիթարություն բերելով համայն հավատացյալ հայ ժողովրդին:
Այնուհետեւ, «Ողջույնի» ընթացքում, բոլոր եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան` առնելու նորաօծներից Ողջույնը եւ շնորհավորելու ձեռնադրության առիթով:
Հավարտ Սբ. Պատարագի Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Հայոց Հայրապետը նորաօծ Սրբազան Հայրերին նվիրեց եպիսկոպոսական պանակեներ:
Ձեռնադրության արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Աժ պատգամավորներ Լյովա Խաչատրյանը, Արտակ Զաքարյանը, Արամ Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արագածոտնի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, բարերար հայորդիներ, ձեռնադրյալների բարեկամներ եւ ուխտավորներ:
Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսներն ուխտի պատարագներ կմատուցեն Մայր Տաճարում:
###
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՆԵՐ
Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
Ծնվել է 1971թ. ապրիլի 12-ին Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղում:
1978-88թթ. սովորել է տեղի ռուսական թեքումով միջնակարգ դպրոցում:
1988թ. ընդունվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարան:
1993թ. դեկտեմբերի 28-ին Սբ. Ստեփանոս Նախավկա սարկավագի տոնին ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ:
1994թ. մայիսի 26-ին պաշտպանել է ավարտաճառ «Խաչվերացի տոնի ավանդությունը» թեմայով եւ արաժանացել է «լավ» գնահատականի:
1994-95թթ. պաշտոնավարել է «Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատուն» թանգարանում որպես պատասխանատու տնօրեն:
1995թ. հուլիսի 23-ին Պայծառակերպության տոնին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1995-99թթ. ծառայել է Վեհարանում որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձնական քարտուղար եւ գավազանակիր:
1999թ. հոկտեմբերի 8-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Գարեգին Ա Կաթողիկոս Հովսեփյանց. կյանքը եւ հոգեւոր-գիտական գործունեությունը» թեմայով: Նույն թվականի հոկտեմբերի 10-ին Մայր Տաճարում Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից շնորհվել է վարդապետական գավազան կրելու մասնավոր աստիճան:
1999-2000թթ. ծառայել է Ֆրանսիայի թեմի` Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
2000-2001թթ. Մայր Աթոռում պաշտոնավարել է որպես Լուսարարապետի օգնական:
2001-2005թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ` Մայր Աթոռի Լուսարարապետի պաշտոնակատար:
2006-2008թթ. Գուգարաց թեմի փոխառաջնորդ եւ Հաղբատավանքի վանահայր:
2008-2009թթ. պաշտոնավարել է որպես Մայր Աթոռի Լուսարարապետի օգնական:
2009թ. հունիսի 15-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռի Վանորեից տեսուչ:
Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Ծնվել է 1975թ. օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում:
1981-1992թթ. սովորել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան N 4 միջնակարգ դպրոցում:
1985-1990թթ. սովորել է Էջմիածնի Ե. Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցում:
1991-1993թթ. եղել է Հայ Եկեղեցու երիտասարդաց միության Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ:
1993-1998թթ. սովորել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցում:
1998-1999թթ. ուսումը շարունակել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի Զ լսարանում:
1999թ. մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի:
1999-2001թթ. աշխատել է Հայ Եկեղեցու ՔԴՔԿ-ում, իբրեւ կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու:
2000թ. Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ` «Խոսրով Անձեւացու «Պատարագի Մեկնության» աստվածաբանությունը» թեմայով, եւ արժանացել լավ գնահատականի:
2001թ. գրաբարից թարգմանել եւ տպագրել է Խոսրով Անձեւացու «Պատարագի Մեկնություն» աստվածաբանական գործը եւ Վարդան Այգեկցու «Խրատ Բոլոր Քահանաներին» քարոզխոսական երկը:
2001թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
2001- 2003թ. սովորել է Լիցցի (Leeds) Համալսարամում (UK)` ստանալով BA (with Honours) աստիճան: Միեւնույն ժամանակ եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվը:
2003-2004թթ. սովորել է Քարդիֆի (Cardiff) Համալսարանում (UK)` ստանալով MTh (with distinction) աստիճան: Թեման` "Classical Redemption and Feminist Theology: Does Feminist Theology "de-soteriologises" Christian doctrine?"
2004թ. հոկտեմբերի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցում` որպես տեսուչի պաշտոնակատար:
2005թ. նշանակվել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցի տեսուչ եւ պաշտոնավարել մինչեւ 2008թ. մարտի 1-ը:
2004-2008թթ. դասավանդել է «Վարդապետական Աստվածաբանություն» Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցում եւ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում:
2006թ. պաշտպանել է «Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ» վերնագրով վարդապետական թեզը եւ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ արժանացել մասնավոր վարդապետական գավազանի:
2007-2008թթ. սովորել եւ ավարտել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը:
2008թ. մարտի 19-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ԱՄՆ-ի Արեւելյան Թեմի, Ֆիլադելֆիայի Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հոգեւոր հովիվ:
2009թ. սեպտեմբերի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է Արագածոտնի Թեմի Առաջնորդական տեղապահ:
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան
Ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 19-ին Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում:
1983-1993 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1994-1999 թթ. սովորել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցում:
1999-2000 թթ. ուսումը շարունակել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի Զ լսարանում:
1998 թ. սովորել է ԵՀԽ Բոսսեի Էկումենիկ դպրոցում, Շվեյցարիա, Ժնեւ:
2001 թ. սովորել է Դանիայի Արհուս քաղաքի Դիակոնալ դպրոցում` ուսումնասիրելով սոցիալական աստվածաբանություն:
2000 թ. հուլիսի 16-ին, ձեռամբ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2000 թ. հուլիսից աշխատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում:
2001 թ. հոկտեմբերի 22-ին պաշտպանել է ավարտաճառ` «Դրվագներ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատմությունից» թեմայով` արժանանալով «քաջալավ» գնահատականի:
2001 թ. նոյեմբերի 11-ին ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2002-2004 թթ. ուսանել է Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում (Սերգիեւ Պոսադ)` ստանալով Աստվածաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2004 թ. հունիսից կրկին ծառայության է անցել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում:
2005 թ. օգոստոսին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի վարիչ:
2006 թ. ապրիլի 21-ին Մայր Աթոռում պաշտպանել է վարդապետական թեզ «Էկումենիզմը 20-րդ դարում եւ Հայ Եկեղեցին» թեմայով եւ ապրիլի 23-ին, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները:
2008- 2009 թթ. հաճախել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց:
2004 թ. դասախոսում է Ընդհանրական եւ Հայ Եկեղեցիների պատմություն Սեւանի Վազգենյան եւ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարաններում:
2005 թ. ԵՀԽ Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
2004 – 2009 թթ. եղել է Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամ:
2009 թ. Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի կենտրոնական կոմիտեի անդամ է:
2004 թ-ից ԵՀԽ Էկումենիկ պաշտոնյաների ցանցի անդամ է:
Մասնակցել է 2006 թ. Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի ունեցած ԵՀԽ 9-րդ համագումարին, 2007 թ. Ռումինիայի Սիբիու քաղաքում համաեվրոպական երրոդ էկումենիկ ասամբլեային եւ 2009 թ. Լիոնում կայացած Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի 13-րդ համագումարին:
Հրապարակել է հայերեն եւ անգլերեն մի շարք հրապակախոսական, գիտական եւ ջատագովական երկեր: Հեղինակ է գիտական եւ ջատագովական հոդվածների ու հրապարակումների: