Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 25.08.2008

Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հընթացս Սբ. Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում ստացան ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը եւ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Սրբազան արարողության ընթացքին Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Երեւանի Սբ Գր. Լուսավորիչ մայր Եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Ընծայացուների խարտավիլակն էր Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:

Դեռեւս օգոստոսի 23-ին, երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց նրանց ուխտադրության կարգը, որի ընթացքում վարդապետները, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին իրենց հավատարմության ուխտը կատարելով, ստորագրեցին երդմնագրերը:

Օգոստոսի 24-ին, Հայրապետական Սբ Պատարագի ընթացքում, Սբ. Ստեփանոս Նախասարկավագի խորանի առջեւ կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Ձեռնադրվելիք եպիսկոպոսների մասին Վեհափառ Հայրապետին վկայեցին Հայ Եկեղեցու նվիրապետական աստիճանների ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաեւ ժողովրդը ներկայացնող աշխարհականներ:

Այնուհետեւ Սբ. Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին: «Աստվածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո երկու վարդապետները, դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը, վեր բարձրացրեցին իրենց ձեռքերը` ի նշան աշխարհից հրաժարման: Ապա Նորին Սրբությունն ընծայացուներին կոչեց եպիսկոպոսության եւ Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները: Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններ եւ մատանիներ, ինչպես նաեւ ի նշան Աստծո խոսքի քարոզչության` Սբ. Ավետարան:

Օծման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին: «Մենք հավատում ենք, որ պատասխանատվության բարձր գիտակցությամբ պիտի շարունակեն նրանք իրենց ծառայությունը` միշտ սերն ու հարգանքը վայելելով ինչպես իրենց ծառայակից եղբայրների, այնպես էլ` հավատավոր իրենց զավակների, որովհետեւ իրենց կյանքի ողջ ընթացքին նրանց երբեք չեն եղել քանքարաթաքույց, նրանք երբեք չեն փնտրել իրենց անձնական շահը, այլ միշտ ծառայական ոգով հետամուտ են եղել օգտակարություն բերելու հավատավոր իրենց զավակներին, պայծառացնելու եւ շենացնելու հայորդու հոգին, նրա հոգեւոր կյանքը եւ Հայաստանյաց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»,- ասաց Նորին Սրբությունը: Վեհափառ Հայրապետը նկատեց, որ այսօր նրանք մեծագույն պատասխանատվություն են կրում իրենց ուսերին, ծառայության կոչված` մեկն իբրեւ տեսուչ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, իսկ մյուսը` իբրեւ հոգեւոր առաջնորդ Հայոց բանակի. նրանց խնամքին են հանձնված երիտասարդ հոգիներ, որոնց հոգեւոր կյանքի ընթացքը կերտվելու է իրենց հոգածությամբ:

Հայոց Հայրապետն նաեւ իր գնահատանքը հայտնեց նորաօծ եպիսկոպոսների ծնողներին` Հայոց Եկեղեցուն նվիրյալ ու հավատավոր սպասավորներ պարգեւելու համար, ինչպես նաեւ ողջունեց ներկայությունը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ բարձրաստիճան զինվորականների:

Հավարտ Սբ. Պատարագի Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Հայոց Հայրապետը նորաօծ Սրբազան Հայրերին նվիրեց եպիսկոպոսական պանակեներ:

Ձեռնադրության արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի դասախոսներ եւ հյուրեր: Սբ. Պատարագին մասնակցում էր նաեւ Մայր Աթոռում պաշտոնական այցով գտնվող Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Գլխավոր քարտուղար Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությունը:

Առաջիկա օրերին Վրթանես եւ Սահակ եպիսկոպոսները ուխտի պատարագներ կմատուցեն Մայր Տաճարում:

###

Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Ծնվել է 1962թ. մարտի 21-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում: Ավազանի անունն է Կամո:

1969-1979թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1980թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարան:

1981-1983թթ. ծառայել է սովետական բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը Հոգեւոր ճեմարանում:

1987թ. դեկտեմբերի 25-ին` Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տ Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:

Ճեմարանում ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մայր Տաճարի թանգարանում:

1988թ. մարտի 10-ին պաշտպանել է ավարտաճառ «Աղվանից Եկեղեցու համառոտ պատմություն (Դ-ԺԷ դարեր)» թեմայով եւ արժանացել քաջալավ գնահատականի:

1988թ. մայիսի 22-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ Հուսիկ արք.

Սանթուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

1989-1994թթ. ծառայել է Ամարասի վանքում որպես վանահայր:

1992թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ «Հովսեփ Արցախեցի` վահան ուղղափառության» թեմայով:

1994-1996թթ. եղել է Արցախի թեմի առաջնորդական փոխանորդ:

1996թ. հունիսին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր:

1997-1999թթ. ծառայել է որպես ՀՀ Պաշտպանության նախարարի հոգեւոր խորհրդատու:

1999-2001թթ. ծառայել է Ս. Հռիփսիմե վանքում որպես վանահայր:

2001թ. օգոստոսից հոգեւոր հովվության է նշանակվել Գուգարաց թեմի Տավուշի մարզում:

2006թ. սեպտեմբերի 28-ից հոգեւոր հովվության է նշանակվել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմում:

2007թ. հոկտեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ:

Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Ծնվել է 1962 թ. Ստամբուլում (ավազանի անունը` Շահան):

1983 թ. հոգեւոր սպասավորության է անցել Կ. Պոլսի հայոց Պատրիարքարանում:

1983-1987 թթ. սովորել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության բաժնում:

1986 թ. ձեռնադրվել է սարկավագ ձեռամբ Երանաշնորհ Տ. Շնորհք Պատրիարք Գալուստյանի:

1989-1994 թթ. աստվածաբանություն է ուսանել Լոնդոնի համալսարանում:

1992 թ. կուսակրոն քահանա է ձեռնադրվել ձեռամբ Երանաշնորհ Տ. Գարեգին Պատրիարք Գազանճյանի:

1994-1997 թթ. եղել է Երուսաղեմի հայոց Պատրիարքության Թարգմանչաց վարժարանի տեսուչը եւ կրոնի ուսուցիչը:

1997-1999 թթ. կրթությունը շարունակել է Դուբլինի համալսարանում (Իռլանդիա):

1999-2005 թթ. եղել է Կ. Պոլսի հայոց Պատրիարքության միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչը, ինչպես նաեւ հոգեւոր հովիվ Կ. Պոլսի հայոց եկեղեցիներում:

2005 թվականից Նոր Կտակարանի ներածություն եւ մեկնություն է դասավանդում Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում եւ Վազգենյան Հոգեւոր Դպրանոցում:

2006 թ. ապրիլի 21-ին Մայր Աթոռում վարդապետական թեզ է պաշտպանել «Հավատք եւ հրաշք» թեմայով եւ հաջորդ օրը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան արքեպս. Սվաճյանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները:

2007թ. դեկտեմբերին նշանակվել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ: