Եկեղեցու հիմնարկեք
Հուլիսի 21-ին, Արարատյան Հայրապետական թեմում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց Երեւանի Էրեբունի համայնքի Սբ. Մեսրոպ եկեղեցու հիմնարկեքը: Եկեղեցին կառուցվում է ամերիկահայ բարերարներ Տեր եւ Տիկին Սարգիս եւ Բոբի Հակոբյանների հովանավորությամբ: Նրանց բարերարությամբ Հայաստանում կառուցվել է եւս մեկ` Գյումրիի Անի թաղամասի Սբ. Հակոբ եկեղեցին:
Ձեռամբ Վեհափառ Հայրապետի եւ արարողությանը մասնակից Սրբազան հայրերի` Տ. Ներսես արք. Պոզապալյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի, Տ. Փառեն եպս. Ավետիքյանի եւ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի, օծվեցին եկեղեցու 16 վեմ քարերը: Կառուցվող եկեղեցու կնքահայրերն էին` ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ԿԲ նախագահ, թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Էրեբունի եւ Աջափնյակ համայնքների թաղապետեր Մհեր Սեդրակյանը եւ Արծրուն Խաչատրյանը, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ Վլադիմիր Բարխուդարյանն ու Ռաֆայել Պապայանը, ինչպես նաեւ տիարք Ֆադեյ Սարգսյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Վրեժ Մարկոսյանը, Վիլեն Հակոբյանը, Գրիգոր Մելքումյանը, Լ. Ջանոյանը, Գ. Ճանճապանյանը եւ Ա. Ղուլյանը:
«Մեր հոգին բերկրանք եւ ցնծություն է ապրում: Էրեբունի համայնքը կունենա իր եկեղեցին, ուր հավատավոր մեր զավակները կգան իրենց ուխտը վերանորոգելու, Աստծո հետ հաղորդակցվելու: Պիտի գան հայց առ Աստված բարձրացնելու մեր հայրենի երկրի շինության եւ նրա հարատեւ զորացման համար: ...Մենք հավատում ենք, որ հիմնարկեքի սրբազան այս արարողությամբ հաստատուն պիտի լինեն հիմերը այս եկեղեցու եւ այն օրավուր առավել պիտի ամրանա ու զորանա մեր զավակների հոգեբուխ աղոթքներով»,- ասաց Վեհափառ Հայրապետը: Նա իր գնահատանքը հայտնեց եկեղեցու բարերարներին իրենց ազնիվ հանձնառության համար` մաղթելով նրանց քաջառողջություն եւ արեւշատություն: Նորին Սրբությունը գնահատանք հայտնեց Տ. Նավասարդ արք. Կճոյանին` նվիրյալ ծառայության համար ի պայծառություն Սուրբ Եկեղեցու, ինչպես նաեւ հայրենի իշխանություններին, որոնք մշտապես աջակցություն են ցուցաբերում Հայ Եկեղեցուն եկեղեցաշինության գործում: Վեհափառ Հայրապետի գնահատանքին արժանացան նաեւ եկեղեցու ճարտարապետներ Արտակ Ղուլյանը եւ Գրիգոր Նալբանդյանը, շինարարությունը իրականացնող «Բազմաշին» կազմակերպությունը:
Եկեղեցու կառուցումը նախատեսվում է ավարտել երկուս ու կես տարուց: