Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի հանդիպումը Ժնևում
Հուլիսի 2-ին Ժնևում (Շվեյցարիա) սկսվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Կենտրոնական կոմիտեի 64-րդ հանդիպումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ԵՀԽ Կենտրոնական կոմիտեում ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական պատվիրակ ու թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն տիկին Փոլա Տեր-Մաթոյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հանդիպմանը մասնակցում են Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և տիկին Թենի Փերրի Սիմոնյանը:
Կենտրոնական կոմիտեի հանդիպումը բացվեց աղոթքով, որի ժամանակ ներկաներն աղոթեցին բարեհիշատակ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի և բոլոր այն անձանց հոգիների հանգստության համար, ովքեր ներգրավված են եղել էկումենիկ շարժման մեջ:
Յոթնօրյա հանդիպման օրակարգի առաջին խնդիրներից էր մոտակա ութ տարիների համար կոմիտեի մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունն ու անդամների նշանակումը: Նկատի ունենալով Վիգեն արքեպիսկոպոսի երկարամյա փորձառությունը և ակտիվ մասնակցությունը էկումենիկ շարժմանը` համընդհանուր համաձայնությամբ նրան ընտրեցին ԵՀԽ կարևորագույն հանձնախմբերից մեկի` Ֆինանսական քաղաքականության հանձնախմբի նախագահ: Վիգեն Սրբազանն ի պաշտոնե կծառայի նաև որպես ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ: Տիկին Փոլա Տեր-Մաթոյանն ընտրվեց Կառավարման և թեկնածուների առաջադրման հանձնախմբի անդամ:
Կենտրոնական կոմիտեի հանդիպման օրակարգի թեմաները հիմնականում առնչվում են Արդարության և խաղաղության ուխտագնացության նյութին, որի շրջանակներում քննարկումներ են տեղի ունենալու Եկեղեցիների միության, բնակլիմայական փոփոխությունների, տնտեսական արդարության և ռեսուրսների բաշխման վերաբերյալ: 2013 թ. նոյեմբերին ԵՀԽ-ի կողմից որդեգրած միության հայտարարությունը կոչ էր արել բոլոր Եկեղեցիներին «ավելի աշխուժացնել հանուն արդարության, խաղաղության և արարչության բժշկման աշխատանքը և միասին դիմագրավել արդի սոցիալական, տնտեսական և բարոյական խնդիրների բարդ մարտահրավերները»:
ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի 64-րդ հանդիպումը կավարտվի հուլիսի 9-ին: