Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Կենդանի Նամակներ» խորագրով պատվիրակության այցը Պակիստան

Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Կենդանի նամակներ» անունը կրող պատվիրակությունն այցելեց Պակիստան, որի նպատակն էր ԵՀԽ-ի բոլոր Եկեղեցիների աջակցությունը հայտնել Պակիստանի շուրջ 6 միլիոն քրիստոնյաներին, ովքեր ամենօրյա ճնշումների են ենթարկվում իսլամական արմատականների եւ ծայրահեղականների կողմից: Պատվիրակությունը գլխավորում էր ԵՀԽ-ի Միջհավատքային բաժնի տնօրեն Պր. Շանտա Պրեմավարդանան:

Պատվիրակության անդամները հանդիպեցին Պակիստանի բոլոր քրիստոնեական Եկեղեցիների եւ հարանվանությունների ներկայացուցիչների, Լահոռ քաղաքի Իսլամ առաջնորդների հետ, մասնակցեցին Պակիստանի Երիցական Եկեղեցու ամենամյա Սինոդին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Պակիստանի քրիստոնյաներին հուզող խնդիրների լայն շրջանակ` զանազան բռնաճնշումները քրիստոնյաների վրա, հարաբերություններն իսլամ առաջնորդների հետ, քրիստոնեական կրթությանը եւ դաստիարակությանը, աղքատությանը եւ ազատ դավանանքին վերաբերող մի շարք հարցեր: Իսլամ առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ եւս մեկ անգամ շեշտվեց քրիստոնյա-իսլամ երկխոսության եւ համագործակցության անհրաժեշտության մասին;

Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Պակիստանի Երիցական Եկեղեցու նորընտիր ատենապետ Սամուել եպիսկոպոս Ազարիայի հետ:

«Կենդանի նամակներ» պատվիրակության անդամները եղան Լահոռի «Մարդու իրավուքների գրասենյակում», այցելեցին Մադրասսայի մզկիթ եւ իսլամական համալսարան:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ծրագրին մասնակցում էր Միջեկեղեցական Հարաբերությունների գրասենյակի գործավար-քարտուղար Միքայել սարկավագ Բարսեղյանը: