ԵՀԽ եւ Կաթոլիկ Եկեղեցու միջեւ համատեղ աշխատանքային խմբի հանդիպում Բոսսեի Էկումենիկ դպրոցում

Նոյեմբեր 17-ին Բոսսեի էկումենիկ դպրոցում սկսվեց ԵՀԽ եւ Կաթոլիկ Եկեղեցու միջեւ համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը` համանախագահությամբ Նորին Սրբազնություն Նիֆոն միտրոպոլիտի (Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցի) եւ Նորին Սրբազնություն Մարտին արքեպիսկոպոսի (Կաթոլիկ Եկեղեցի):

Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադառնալու են աշխատանքային խմբի օրակարգի հարցերին, որոնք վերաբերում են էկումենիկ փաստաթղթերի ընդունման գործընթացներին, էկումենիզմի հոգեւոր ակունքներին, միգրացիայի եւ երիտասարդության հարցերին:

Մասնակիցները նաեւ այցելելու են ԵՀԽ եւ ծանոթանալու են ԵՀԽ գործունեւությանը` հանդիպումներ եւ քննարկումներ ունենալով ԵՀԽ ծրագրերի պատասխանատուների եւ աշխատակիցների հետ: Այդ օրերին հանդիպումներ տեղի կունենան Շվեյցարիայում պապական նվիրակ Սիլվիանո արք. Թոմասիի, Շամբեզիի Ուղղափառ կենտրոնի պաշտոնեության հետ, մասնակիցները կայցելեն Ռեֆորմիստական Եկեղեցու կենտրոն, ինչպես նաեւ Գրանդշոնի Ռեֆորմիստական վանք:

Հանձնախմբում Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` նոյեմբերի 17-22-ի պլենար նիստին անձնափոխանորդի կարգավիճակով մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: