ԵՀԽ գործադիր վարչության հանդիպումը Գերմանիայում
Սեպտեմբերի 21-ից 26-ը Գերմանիայի Լյուբեկ քաղաքում գումարվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գործադիր վարչության հերթական հանդիպումը Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների միության հրավերով, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցեց ԵՀԽ գործադիր վարչության անդամ Տ. Վիգեն արք. Այքազյանը:
Ժողովի ընթացքում, ի շարս այլ խնդիրների, անդրադարձ եղավ Հնդկաստանում քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ գոյություն ունեցող անհանդուրժողականության դեպքերին եւ ընդունվեց հատուկ հայտարարություն` կոչ անելով Հնդկաստանի կառավարությանը «միջոցներ ձեռնարկել կանխելու համար Օրիսիայի եւ երկրի տարբեր շրջաններում քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնարարքները»: Գործադիր վարչությունն իր մտահոգություն է հայտնել նաեւ Շրի Լանկայի 25-ամյա քաղաքացիական պատերազմի եւ երկրում տեղի ունեցող բռնությունների առիթով:
Առանձին հայտարարություններ են ընդունվել Մարդու Իրավունքների պաշտպանության Համընդհանուր Հռչակագրի 60-ամյակի առիթով: Գործադիր վարչության անդամները հաստատել են ԵՀԽ-ի տարեկան նախահաշիվը եւ երկարաձգել գործող գլխավոր քարտուղարի պայմանագրի ժամկետը մինչ նոր քարտուղարի ընտրությունը: