ԵՀԽ Կենտրոնական Կոմիտեի նիստը Ժնեւում

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը Ժնեւում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի հանդիպումը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում էին ԵՀԽ Կենտրոնական Կոմիտեի անդամ, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի ներկա նախագահ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ գործադիր վարչության անդամ երեցկին Փոլա Դեւեջյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի աշխատակից Ցոլակ սարկավագ Հարությունյանը եւ Օր. Արմինե Բաբաջանյանը (Կոտայքի թեմի Ջրվեժ համայնքի երիտասարդական միություն):

ԵՀԽ Կենտրոնական Կոմիտեի նիստի ընթացքում ԵՀԽ 7-րդ գլխավոր քարտուղար ընտրվեց Նորվեգական Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Լյութերական վերապատվելի դոկտոր Օլավ Թվեյթը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ԵՀԽ նորընտիր գլխավոր քարտուղարին, որում ի մասնավորի ասվում է. «Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը ամեմաննշանավոր էկումենիկ կազմակերպությունն է` համագործակցություն, հանդուրժողականություն ու խաղաղություն խթանելու պարտականությամբ: Հայցում ենք Բարձրյալ Աստծուց, որ մեր Տիրոջ հավատքի, հույսի եւ սիրո պատգամի ու ուսմունքի ձեր վկայությամբ ԵՀԽ-ի առաքելությունը առավել աճի եւ զորանա»:

8-օրյա նիստերի ընթացքում Տ. Վիգեն արք. Այքազյանը մասնակցել է հասարակական հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքներին, իսկ երեցկին Փոլա Դեւեջյանը` թեկնածուներ առաջադրվող ենթահանձնաժողովի նիստերին: Այս օրերին ԵՀԽ Կենտրոնական կոմիտեն տաս հայտարարություն է կատարել աշխարհում տարբեր արդիական մարտահրավերների առնչությամբ, որոնցից մեկը վերաբերում էր Ցեղասպանությունների մասին զեկույցին` Դարֆուրի ցեղասպանության համատեքստում:

ժողովականներն անդրադարձել են նաեւ կառույցի վարչական եւ ծրագրային մի շարք հարցերի: Որոշվել է ԵՀԽ հաջորդ` 10–րդ համաժողովը անցկացնել 2013 թ. Հարավային Կորեայում, որի կազմակերպման կոմիտեում իբրեւ Հայոց Եկեղեցու ներկայացուցիչ ընտրվել է Վիգեն Սրբազանը: